Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջհուդի բաղնիք եմ ընկել։ Ըստ երևույթին նույնն են զգում և մի խումբ տիկիններ ու օրիորդներ, որովհետև բոլորն էլ թաշկինակներով ծածկել են իրանց քթերը։

— Այդ ի՞նչ է պատահել․— հարցնում եմ մի թաշկինակավոր տիկնոջ։

— Մի՞թե չգիտեք, այսօր ներկայացում է հօգուտ Հայոց հրատարակչական ընկերության. մենք էլ եկել ենք թամաշան տեսնելու։ Տեսեք, պարոն Մաղքոս, դուք մեզ մոտեցաք, այն մյուս խումբ տիկիններն ու օրիորդները թարս-թարս են մտիկ տալիս մեզ և ձեզ։ Զգույշ, չլինի՞, թե ձեզ սևացնեն։

— Տիկին,— պատասխանում եմ ես,— ես ո՛չ ընտրող եմ, ո՛չ ընտրվող, որ սևացնեմ, կամ ինձ սևացնեն։ Թող ինչքան ուզում են ինձանից նեղանան, բայց ես էսթետիկական ճաշակ ունեմ, թույլ տվեք ձեր շրջանում մնալ։

Հետզհետե հասարակությունը բազմանում է։ Ես բարձրանում եմ վերնահարկը։ Դահլիճը շատ լուսավորված է, բայց դարձյալ տիրում է մթություն, որովհետև այնքան սև դեմքեր և մեծ քթեր կան, որ ամեն լույս ընդունակ են մթնացնելու։

Ամբիոն է բարձրանում կլորիկ, կարմիր աչքերով, դեղին ականջներով, կարմիր երեսով մոտ 45 տարեկան մի պարոն: Դա հայտնի քելեխբաշին է, որ գիտե միաժամանակ հինգ տեղ քելեխ ուտել։ Եվ այնքան յուղալի քելեխներ է կերել, որ երեսից, աչքերից, ճակատից և ամբողջ փայլուն դեմքից դմակի յուղ է թափվում։ Նա, զանգահարում է։ Ժողովականները ներս են գալիս։ Երևում են մի խումբ չեզոք մարդիկ, որոնք ոչ մի հետին միտք չունեն, ոչ մի քելեխի հետ կապ չունեն և եկել են լոկ թամաշայի համար։ Ներս է մտնում հայ գրականության ներկայացուցիչների փոքրիկ խումբը՝ 8—10 հոգի և համեմատաբար նստում ուր որ պատահում է։

Նրանց հետ ներս են մտնում թաշկինակավոր տիկիններրն ու օրիորդները և համեստաբար նստում, ինչպես վայել է կրթված գեղեցիկ սեռին։

Վերջապես դահլիճը դղրդում է, և երևում է մի ահագին փիղ։ Նրա ճակատին մեղրամոմի մխով գրված է․ես եմ վիթխարի մղդին: Նրա հաստ պարանոցին նստած է գեղարվեստների մանրացում, տիեզերահռչակ Համբարձի ամին։ Քնքշության