Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միրուքով մի նավաստի և օրորվելով մոտեցավ Լևոնին։ Ձեռը դնելով պատանու նիհարիկ ուսի վրա, գոչեց․

— Էյ, ճպուռ, նվագելո՞ւ ես ինձ համար «Օ՜հ, իմ վիշտ», թե՞ չէ․ ես ուզում եմ «Օ՜հ, իմ վիշտ» լսել։

— Տե՛ղդ նստիր, էյ, Սիբիրի ռեխ,— գոչեցին ընկերները,— մի՛ խանգարիր Լյովային։

— Չեմ նստիլ, մինչև որ չլսեմ՝ «Օ՜հ, իմ վիշտ»։ «Օ՜հ, իմ վիշտ»: Լյովա, Լյովա, «Օ՜հ, իմ վիշտ»։

— Հիմար գլուխ,— նկատեց մեկը,— Լյովան հենց «Օ՜հ, իմ վիշտ» է նվագում։ Չես լսում, անո՜ւս․․․

— Լյովա, սուտ չի՞ ասում։

Լյովան գլխով հաստատեց, թե նվագածը հենց «Օ՜հ, իմ վիշտն» է:

— Սատանան տանի,— գոռաց Սիբիրի ռեխը,— ի՛նչ լավ էիր նվագում։ Լսեցինք, լսեցինք․ հիմա նվագիր «Դունայի գեղեցկուհի»։ Լյովա, Լյովա, «Դունայի գեղեցկուհի»։

— Ա՛յ քեզ «Դունայի գեղեցկուհի»,— ասաց մի հաղթանդամ և, հետևից ձեռները գցելով Սիբիրի ռեխի կոների միջով, փորը դեմ տվեց մեջքին, բարձրացրեց ու բերեց նստեցրեց յուր տեղը։

— Է՜յ դու Կալուգայի արջ, ինչպե՞ս համարձակվեցիր,— գոռաց Սիբիրի ռեխը,— թաթերդ կփշրեմ․․․

Եվ բռունցքն այնպիսի ուժով զարկեց սեղանին, որ շշերն ու բաժակները միմյանց դիպչելով փշրտվեցին։

Բարձրացավ աղմուկ, վեճ, իրարանցում։ Օդի մեջ երևացին մի քանի սպառնալի բռունցքներ։ Գուցե «Սիբիրի ռեխը» և «Կալուգայի արջը» միմյանց քիթ ու պռունդ ջարդեին, եթե չլիներ մի ալևոր նավաստի, որին ընկերները «Դյադուշկա» էին անվանում։ Նա մեջ մտավ նրանց բաժանելու։ Օգնության հասավ Լևոնը։ Նա նվագումը ընդհատեց և, տեղից վեր կենալով, ասաց․

— Պարոններ, թո՛ւյլ տվեք ինձ գնալ «խերսոնցիների» մոտ։

Վեճն իսկույն դադարեց, բոլորը շրջապատեցին երաժշտին։