Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լյովա, աղավնյակ, մի՛ անիր, Լյովա, հոգյակ, նվա․գիր. ինչպե՞ս կարելի է,— խնդրեցին բոլորը։

— Նվագի՜ր․․․ ինչպե՞ս նվագեմ, պարոններ, քանի որ չեք լսում, կռվում եք անկիրթ «բոսյակների» պես։ Մի՞թե վայել է «Ռուսաց ընկերության» նավաստիներին։

— Վայել չէ, իհարկե վայել չէ,— գոչեց «Դյադուշկան»։

— Դուք ինձ «տիրասպոլցիների» մոտից բերեցիք այստեղ, որ ձեր կռի՞վը տեսնեմ։ Դուք լավ չեք գնահատում երաժշտությունը։

«Խերսոն», «Տիրասպոլ» նավեր էին, և նավաստիները կրում էին իրենց նավերի անունները։

— Կգնահատենք, կգնահատենք, Լյովա, հիմարներ չենք․․․

— Ի՞նչ է, փո՞ղ է ուզում այդ ճպուռը,— գոչեց Սիբիրի ռեխը, և վարտիքի գրպանից հանելով արծաթե դրամներով լի քսակը, գցեց Լևոնի գիրկը,— ահա՛, վերցրո՛ւ, խեղդվի՛ր․․․

— Մենք էլ կտանք, մենք էլ կտանք,— աղաղակեցին ամենքը, ձեռները տանելով իրանց գրպանները։

— Տեսե՛ք, տեսե՛ք, Լևոնը հարստանալու է,— գոչեց Իցկոն, հրճվանքից ձեռները միմյանց զարկելով, երբ տեսավ փողի քսակները։

— Հապա, կտեսնենք, թե ինչպես,— արտասանեց Չաուշենկոն, որ, արմունկները սեղանին հենած դիտում էր կատարվող տեսարանը։

Լևոնը հանգիստ վերցրեց յուր գիրկն ընկած քսակները և դնելով սեղանի վրա, ասաց․

— Ես իմ գնից մի կոպեկ էլ ավել չեմ վերցնիլ։ Համարը 10 կոպեկ, ո՛չ ավելի ո՛չ պակաս։ Դրեք ձեր գրպանները, նստեցե՛ք, նվագում եմ․․․

— Բրավո՜, Լևոն, բրավո՜, դու մեր երեսը սև չարիր,— գորեց Չաուշենկոն ոգևորված և նավաստիների ուշադրությունը գրավեց մեր վրա։

— Այդ ին՞չ կատու է,— գոչեց Սիբրի ռեխը, — ա՜հ տիրացո՜ւ։ Չէ, ուխտավոր է, աբեղա է․․․էյ երևի Իոքագամայի տաճարի համար լումա ժողովելու ես եկել։ Արի՛, արի՛, մենք էլ կտանք մեր հոգու փրկության համար։