Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գրացիայի ներկայացուցիչը, հանդիսավոր օրվա առիթով, հագել է կարմիր ֆրակ, սպիտակ ժիլետ, դեղին գուլպաներ։ Ֆրակը կարված է Թավրիզի առաջնորդարանի մահուդից, ժիլետը՝ Բարեգործական ընկերության «կրկնակի» անդորրագրերից։ Դեմքը վերին աստիճանի հրապուրիչ է, ճակատը փայլում է ապոլլոնյան հպարտությամբ, աչքերը կայծեր են արձակում, կայծեր, որոնցից յուրաքանչյուրը մի-մի գեղեցկուհու սրտում հրդեհ է առաջացնում։

Նրա հետևում նստած է գիտության մարմնացում, նույնպես տիեզերահռչակ Ստեփան ափուն։ Նա հագած է սև քղամիդ, մի ձեռին պահած մի մեծ մատյան, մյուսում՝ մի եղեգնյա գրիչ և խորասուզված գրում է. «Ես և իմ անցյալը» վերնա գրով մի շարադրություն։ Մերթ ընդ մերթ նրա մեջ զարթնում է բնական ձգտում՝ դեն ձգել մատյանն ու գրիչը, վեր կենալ, քղամիդի փեշերը վեր քաշել և փղի վրա մի սիրուն կանկան պարել: Բայց լրջամիտ Ապոլլոնը ամուր բռնել է նրա փեշերից և թույլ չի տալիս։

Գեղեցկի և գիտության հետևում տեղավորված է դեղին աչքերով, տափակ ճակատով և ճյուղունդրի պես կարմիր երեսով ու ականջներով մի 35 տարեկան մարդ, որ խիստ նման է Թամամշևի քարվանսարայի շկափչիկի: Դա ինքն է Բիսմարկի և Մոլթքեի մտերիմ բարեկամ քաջամարտիկը։ Նա զինված է ոտից մինչև գլուխ և աջ թևի վրա բռնած է մի վահան. նրա աչքերից մեղր, ներողություն, հուր է թափվում, իսկ դեմքից ալիզարին, ներողություն, կրակ... Նա սոսկալի է և շարունակ բեղերը սրելով, մարտի հայացքներ է ձգում իր շուրջը: Նրա ձախ երեսի վրա նշմարվում է մի սպի։ Դա մի նշանավոր ճակատամարտում ստացած վերքի հետքն է, որ ունի մարդկային աջ ձեռի ափի դրոշմը, նրա կրծքին քաշ է արած մի ոսկե ժետոն, որի վրա փորագրված է. ապրիլի 9-ին արքունական թատրոն։

— Խեչո, մի վախենա, էստի իմ,- ասում է մեկը։

Դա Սանդրոն է, որ մի դագանակ ձեռին, փղին բիզ-բիզ անելով ներս է քաշում։ Փղի կարճլիկ պոչից քաշ է ընկել մեր Գևոն։

Սանդրոն գոռում է.