Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ճանապար՜հ տվեք մաքուր և անարատ գործիչներին...

Ճանապարհ տվեք...

Դահլիճը թնդում է ծափահարություններով։ Փիղը մաքուր և անարատ գործիքներին ցած է բերում դահլիճի աջ կողմում․ այնինչ՝ գործիչները ազատամիտ լինելով, պիտի ձախ կողմը բռնեին։ Բայց փիղը ինչ գիտե պառլամենտական կարգ ու կանոնը. նաև մաքուր ու անարատ գործիչները չգիտեն, որ աջ և ձախը պառլամենտում նախագահի կողմից է հաշվում։

Քելեխբաշին երեսի յուղը սրբելով, զանգակ է հնչեցնում և հրավիրում նախագահ ընտրել։ Խուժանը գոռալով, միմյանց հրելով, ոտքի է կանգնում և քվեարկում: Ձայների ահագին մեծամասնությամբ ընտրվում է մի մարդ՝ սափրված, եղած, փայլուն երեսով։ Նա ունքեր չունի, ոսկրոտ ճակատի տակ աչքերի փոխարեն երևում են երկու բիզով փորած ծակեր։ Նա հանդիսավոր բազմում է նախագահական բազկաթոռի վրա։ Նրա աջ կողմում նստում է յուղալի երեսով քելեխբաշին, իսկ ձախ կողմում մի ինչ-որ տկճոր, միթամ քարտուղարն է...

Կարդում են ինչ֊որ տեղեկագիր: Գրականության ներկայացուցիչները միամտաբար կարծելով, թե իրանք գրականության հիմնարկության մեջ են, ոտքի են կանգնում խոսելու։ Բայց նախագահը նրանց կարգի է հրավիրում․ բացատրելով, թե գրականները օպերետային ներկայացումներին մասնակցելու իրավունք չունեն։

Տեղեկագիրը հաստատվում է միաձայն։ Սանդրոն մատներով դհոլ է ածում փղի փորի վրա․ գիտության մարմնացումը քղամիդի փեշերը բարձրացնելով, սկսում է կանկան պարել։ Մարսը բեղերը սրում է և ձախ երեսը բաց անում։ Գեղարվեստը բացականչում է.

— Լոխ էլ մերոնք են, լոխ էլ մաքուր ու անարատ են, հունց որ ես։

— Հիմա տրեպակա,— ասում է նախագահը։

— Հա, ընտրութոն, ընտրութոն,— գոռում է Համբարձի ամին, և բոլորը սոսկում են։