Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քվեարկում են, և ձայների ահռելի մեծամասնությամբ ընտրվում են` մի ոչխար, մի փոդրաթչի ու վաշխառու, քելեխբաշին և մղդսին։ Փիղը իր առջևի թաթերը դնում է նախագահի սեղանի վրա, հասարակությանը շնորհակալություն է հայտնում, հետո սկսում է երգել Այսմավուրքից մի ռոմանս։ Մարսը ժետոնը բարձրացնում է գլխից վերև և գոռում.

— Ուռա՜։

Ժողովականների չեզոք մասը շտապում է հեռանալ դահլիճից։ Մնում են մաքուրներն ու անարատները:

Գրականության ներկայացուցիչների և թաշկինակավորների փոքրիկ խումբը նույնպես ուզում է հեռանալ։ Բայց այդ միջոցին նրանք լսում են, թե օպերետը վերջացել է, այժմ պիտի ֆարս խաղացվի։ Բայց այս մասին մյուս անգամ։