Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— О՜о, սինյոր, իրավ է, ես ուզում եմ տեսնել Իտալիան․․․

— Եվ Լուիզային․․․

Նա ամոթից երեսը դարձրեց ինձանից։ Ես հաղորդեցի նրան, թե սինյորա Ստեֆանիան Կավալլարոյից նոր նամակ է ստացել։ Բարիտոնը գրում է, թե երգեցողության ուսուցիչները փորձել են օրիորդի ձայնը և հիացել են նրա ուժով ու «տեմբրով»։ Մի հայտնի պրոֆեսոր խոստանում է երեք տարվա ընթացքում Լուիզային այնչափ պատրաստել, որ կարողանա օպերաներում առաջին «դրամատիկ-սոպրանո»-ի դերը երգել։

Հադորդածս նորություն չէր նրա համար։ Նա ասաց, թե հենց նույն օրն ինքը նամակ է ստացեք Լուիզայից։ Բարի օրիորդն յուր խոստումը կատարել էր։ Սակայն այդ եղավ առաջին և վերջին նամակը․․․

Ամբողջ գարունը և ամառը պատանին այցելեց նավահանգստի պանդոկները։ Երբեմն գալիս էր սենյակս և ինձ հաշիվ տալիս։ Նրան դեռ սիրում են նավաստիները, հաճույքով լսում և միմյանց ձեռքից խլում։ Ամսական միջին թվով քսան ռուբլուց ավելի է հետաձգում։ Շուտով, շուտով կկատարի յուր փափագը, կուղևորվի Իտալիա․․․

Այնինչ՝ պանդոկների մթնոլորտն արդեն դրել էր յուր դրոշմը նրա վրա։ Ձևերը նկատելու չափ գռեհկացել էին։ Ժամանակ առ ժամանակ արտասանում էր տգեղ բառեր, որ առաջ չկային նրա բառարանում։ Արտասանում էր և իսկույն զղջում, կարմրում։ Մի քանի անգամ զգացի, որ բերանից խմիչքների հոտ է գալիս։ Իսկ մի երեկո մեր տան դարբասի առջև տեսա նրան սաստիկ հարբած դրության մեջ։ Կիթառը կռնատակին բռնած, օրորվելով տուն էր գնում, մի քայլ առաջ դնելով, մի քայլ կողք, օրորվելով։ Օգնեցի նրան սանդուղքով բարձրանալու։

Ալմաստը տեսավ նրան թե չէ՝ ձեռները զարկեց երեսին, գոչելով․

— Սպանեց, մորթեց․․․

Նախատինքի ժամանակ չէր։ Խնդրեցի վշտացած մորը զսպել առայժմ յուր սրտի թույնը։

Լևոնը թավալվեց երեսնիվայր անկողնում, մի ոտը թողնելով