Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ ասել է չեն թողնում․ ամեն մարդ յուր կամքիհ տերն է։

— Այո՛, սինյոր, բայց երբ կես փթանոց բռունցքը պահում են քթիդ տակ, մոռանում ես կամքդ։

— Նրանք քեզ ծեծո՞ւմ են։

— Կծեծեն, եթե շատ համառություն անեմ։

— Բայց ի՞նչ օգուտ ունին քեզ հարբեցնելուց։

— Հարբածներն ատում են արթուն մարդուն։ Երբ չեմ խմում, ասում են՝ «դու մտքումդ ծաղրում ես մեզ։ Դու էլ խմիր, հավասարվիր մեզ հետ»:

— Գոնե քի՛չ խմիր։

— Շատ չեմ խմում, բայց քիչն էլ է ինձ հարբեցնում։

— Ի՞նչ են խմեցնում։

— Առաջ քաղցր խմիչքներ էին տալիս։ Հիմա ասում են՝ «թանկ է նստում» և ստիպում են խմել գարեջուր էլ, օղի էլ․․․

Ես լռեցի, բայց հարկավոր էր մի հետևանքի հասցնել մեր խոսակցությունը։

— Լևոն, թո՛ղ այդ պանդոկները, էլի թատրոններով զբաղվիր․․․

— Իհարկե, թողնելու եմ, սինյոր, շուտով, շուտով կգնամ Իտալիա․․․ Արդեն հարյուր հիսուն ռուբլի ունիմ։

— Իսկ մա՞յրդ։

— Նրան էլ հետս տանելու եմ։

— Հարյուր հիսուն ոուբլո՞վ։

— Ի՞նչ կա, քի՞չ է։ Ես շատերից եմ հարցրել։ Ասում են ամսական երեսուն ռուբլով կարող ենք ապրել այնպես, ինչպես այստեղ։

— Գուցե կարելի է, բայց մի քանի ամիս, իսկ հետո՞։

— Հետո՞․․․ մի գործ կգտնեմ։

— Լևոն, ճշմարի՛տն ասա, ի՞նչն է քեզ ստիպում Իտալիա գնալ,— հարցրի ես, նայելով ուղիղ նրա աչքերի միջին։

— Ուզում եմ վիոլոնչել նվագել սովորել ու գալ այստեղ օրկեստրը մտնել։

«Կեղծում ես, բարեկամս,— մտածեցի ես,— այդ չի գլխավոր պատճառը»։

Նայեցի նրան ուշադիր, սիրտս մորմոքվեց։ Նա ոտքի վրա