Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

оղու հոտ էր գալիս։ Երևի այս անգամ խմել էր վիշտը մոռացաթյան տալու համար. ես քաջություն չունեցա հանդիմանելու:

Մի չնչին գումար, որ կարողացավ նա խնայել առաջին ամիսը, նորից վերականգնեցրեց նրա հույսերը: Այս անգամ նա անկեղծ խոստովանեց ինձ, որ Իտալիա գնալու գլխավոր նպատակը Լուիզային տեսնելն է։ Գրեթե օր չէր անցնում, որ նա չհարցներ.

— Սինյոր, ի՞նչ լուր կա Լուիզայից։

Նա ինքը ամաչում էր անմիջապես սինյորա Ստեֆանիային դիմել այս հարցով։ Ես հաղորդում էի նրան բոլորը, ինչ որ լսում էի տանտիրուհուցս։ Միշտ Լուիզան բարև էր ուղարկում Լևոնին։ Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ։ Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը։ Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղի՝ Օդեսայում, այլ այնտեղ Իտալիայում։

Մի անգամ նա ասաց.

— Եթե մինչև առաջիկա գարուն չկարողանամ ճանապարհ ընկնել, կխելագարվեմ։

Մի ուրիշ անգամ դիմեց ինձ այս հարցով.

— Ի՞նչ եք կարծում, սինյոր, Լուիզան, նշանավոր երգչուհի դառնալով, կգոռոզանա՞:

Հասկացա, թե իսկապես ինչ է ուզում իմանալ: Հոգու խորքում նա ինքն իրեն արժանի չէր համարում Լուիզային, բայց հպարտությունը չէր թույլ տալիս նրան խոստովանել այդ։ Նա ուզում էր իմ միտքը իմանալ՝ արժանի՞ եմ համարում իրան Լուիզային, թե՞ ոչ։

Կամենալով գեթ մի փոքր սթափեցնել այդ օրից-օր ավելի ու ավելի կուրացող հոգին, պատասխանեցի.

— Այո, կգոռոզանա։ Նա հենց այժմ էլ, երբ դեռ շատ հեռու է նշանավոր երգչուհի համարվելու պատվից, գոռոզացել է․․․

— Ո՞վ ասաց,— գոչեց Լևոնը վշտացած։

— Նրա վարմունքը։ Նա քեզ մոռացել է։