— Օ՜, սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել։ Ես նավապետի պարտքի տակ չեմ մնալ։ Կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր֊ցերեկ կնվագեմ։ Իտալիա, Իտալիա անպատճառ պիտի տեսնեմ։ Որքա՜ն կզարմանա Լուիզան ու ինչպե՜ս կուրախանա։
Ծանր էր ինձ համար այս անկեղծ խոսքերից հետո թաքցնել իրողությունը Լևոնից, որ այդ պահին մարմնացած ոգևորություն էր։
— Լևոն,— ասացի,— շա՞տ ես փափագում տեսնել Լուիզային։
— Այո՛, իհարկե:
— Եթե չտեսնես, շա՞տ կտխրես։
— Բայց ես կտեսնեմ նրան, սինյոր, կտեսնեմ Միլանում,— գոչեց Լևոնը հավատով լի, միևնույն ժամանակ, մի տեսակ երկյուղով նայելով երեսիս։
— Լուիզան այժմ Միլանում չէ։
— Ո՞վ ասաց։
— Սինյորա Ստեֆանիայի հեռագիրը։
— Հապա ո՞րտեղ է։
— Պարիզում։
— Ո՞ւմ հետ...
— Կավալլարոյի․..
— Կավալլա՞րո,— գոչեց պատանին գրեթե շնչասպառ։
— Ամուսնացել է Լուիզայի հետ և երեկ ուղևորվել Պարիզ մի տարի ժամանակով,— ասացի ես միանգամից սրտիս ծանրությունից ազատվելու համար:
Լևոնը ցնցվեց, երեսի մկանունքները դողացին։ Մի վայրկյանում կարմրեց, կապտեց, հետո սփրթնեց կտավի պես:
— Տեսա՞ր, որ քեզ չի սիրում Լուիզան, որ դու երազի մեջ ես...
Լևոնը ճիգ արավ զսպել հուզմունքը։ Այդ տասնութ տարեկան պատանին, որի զգացումներն այնքան անժամանակ հասունացել էին, ուներ նաև կամքի ուժ։ Սակայն հարվածն ավելի զորեղ էր։ Նա թուլացած ընկղմվեց աթոռի վրա, արտասանելով․