Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նիհար էր, բարեկազմ, դեմքի նուրբ և փոքր-ինչ կանացի գծերով, բարձր պարանոցով և կանոնավոր ձևավորված գլխով։ Մերսիմյանը գեր էր, թուխ երեսով, կարճ պարանոցով, տափակ ծոծրակով, տափակ ճակատով, փոքրիկ, խորամանկ աչքերով:

— Եվ ի՜նչ ընտրություն,— շարունակեց Մերսիմյանը, գավաթները լեցնելով փրփրուն ըմպելիքով,— ամենափառավոր։ Հասկանալի է, թե ինչու այնպես եռանդով հետամուտ էիր այդ աղջկան։ Դա մի ամբողջ հեքիաթ է, ժամանակակից հեքիաթ, ոսկե խնձորներով։ Ես ծանոթացրի քեզ նրա հետ, ես գովեցի ու փառաբանեցի քեզ նրա ծնողների մոտ, ես նրանց համոզեցի ընդունել քո առաջարկը։ Մի խոսքով, ես կատարեցի պատվավոր միջնորդի պաշտոնը հանուն մեր ընկերության։ Քանի՜-քանի երիտասարդներ էին ընկած օրիորդ Հելենայի հետևից և քանի-քանիսին է նա մերժել։ Իհարկե, հիվանդ հայր, միամիտ մայր․ ոչ մի եղբայր, միակ ժառանգը ահագին հարստության։ Սքանչելի է։ Կեցցես, բարեկամս, ճարպիկ ես, վկա է աստված, որ ավելի հաջող որս չէիր կարող գտնել ամբողջ քաղաքում։

— Ինչո՞ւ ես այդ ասում,— ընդհատեց Նազիմյանը իր բարեկամի խոսքը,— մի՞թե չգիտես, որ ես օրիորդ Մարկոսյանի հարստությամբ չեմ հրապուրվել, այլ...

— Սո՜ւսս, գիտեմ, շատ լավ գիտեմ։ Դու սիրահարված ես աղջկա վրա։ Քեզ համար ի՜նչ արժեք ունեն նրա հոր հինգ հոյակապ տները քաղաքի կենտրոնում, երկու շոգենավերը ծովի երեսին, դեռ չշահագործվող նավթահողերը Ռամանիայում և Սուրախանիում, գեղեցիկ ձիերը, փայլուն կառքերը, ոսկին, արծաթը, ադամանդները։ Դու սիրահարված ես, խե՜ղճ պատանի։ Դու չգիտես ինչ ասել է հինգ միլիոնի ժառանգություն կամ, ճիշտն ասած, գիտես և արհամարհում ես հա՜, հա՜, հա՜։ Քո հոգին քեզ չի մղում դեպի շքեղ բալեր, երեկույթներ, ճանապարհորդություն դեպի Եվրոպա, դեպի թանկագին կուրորտներ։ Դու սիրահարված ես ինչպես տասնուհինգ տարեկան գիմնազիստ, դու պատրաստ ես այսօր ևեթ սիրույդ առարկայի հետ հեռանալ աշխարհի