Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս անգամ Աղաջանը համառությամբ պնդեց, թե պետք է ամենքին անխտիր հրավիրել մի երեկո և բոլորին նստեցնել միասին։

— Ես քեզ նման ռիստոկրատ չեմ,— ասաց նա,— ես գեղից եկած մարդ եմ, չեմ կարող հորս տրեխները մոռանալ։

— Բայց անկարելի է, մա՛րդ, չի լինիլ- գոչնց Նազլուն,— ես չեմ կարող քո Վանեսանց Զառնիշանին Օմմբալովի կամ Սիփաչովի կանանց հետ կամ Դյուքոնց Բաղդասարին Աղազատվի հետ նստեցնել։ Չի սազիլ...

— Կսազի, էնպես կսազի, որ քեֆդ գա։ Այ, ասեմ ինչ կանես։ Քո հավանած ռիստոկրատներին կնստեցնես իմ ազգականների հետ մեջամեջ: Եթե մերոնք էշ ավանակներ են, ձերոնք էլ ջորիներ են, վնաս չունի, կհասկանան։

Նա ուզում էր այս խսոքերով խայթել իր աներձագին, որի առողջ ու կայտառ դեմքն այսօր առանձնապեա գրգռում էին նրա նախանձը։ Նա արդեն գուշակել էր իր սովորական հոտառությամբ, թե ինչու համար է եկել ինժեները։

Մերսիմյանը հասկացավ ու լռեց։ Աղաջանին նրա լռությունը ավելի գրգռեց։

— Փուհ, գլուխս մի՛ ցավացնիր,— ընդհատեց նա կնոջը, որ ուզում էր հակաճառել նրան,— արա՛ ինչ որ քեփդ է։

Նա ոտքի կանգնեց, թողնելով թեյի բաժակը կիսատ և կազե կազ, մրթմրթալով դուրս գնաց։

Մերսիմյանը մի հուսահատական հայացք ձգեց ընկերոջ վրա:

Նազիմյանը վեր կացավ և հետևեց Աղաջանին։

Նազլուն սկսեց գանգատվել եղբորը իր ամուսնու դեմ։ Վերջին ժամանակ մարդը միանգամայն անտանելի է դարձել։ Ամենաչնչին հակաճառությունից գրգռվում է և ուղղակի թունավորում ընտանիքի կյանքը:

— Ինձ տեսնողը կասե, թե բախտավոր եմ, բայց կյանք չունեմ, Լևոն, կյանք չունեմ։ Ի սեր ասածո, այսօր ոչինչ չխնդրես նրանից։ Երեսիս ամոթը թափվեց, շարունակ քո դեմ է գանգատվում։

Եկավ սպասավորը և Մերսիմյանին հրավիրեց Աղաջանի