Պետք է փոթորիկն ընդունել և դիմադրել թեկուզ վիրավորանքների ու հայհոյանքների ուժով։
— Այդպես շարունակել չի կարելի,— սկսեց կինը, մի ցածր, երկարատև հառաչանքներից հետո, ձեռները կրծքից իջեցնելով և դնելով ծնկների վրա—պետք է վերջ տալ այս անտանելի կացությանը, իմ ուժերը սպառվել են...
— Ի՞նչ ես պահանջում ինձնից,— հարցրեց Ավալյանը, նույնպես նստելով։
— Ինձ համար ոչինչ, երեխաներիդ համար եմ պահանջում — մարդավարի ապրուստ։
— Միշտ միևնույն երգը։ Մարդավարի ապրուստ։ Գիտեմ ինչ է քո իդեալը, խոհարար, սպասավոր, ընդարձակ բնակարան թանկագին կահ-կարասիով, շքեղ զգեստներ։ Կառքեր, ձիեր, զարդ, պճրանք։ Տասներկու տարի անընդհատ աշխատեցի և չկարողացա փոխել քո մեշչանական հայացքները կյանքի վերաբերմամբ։ Կին, այդ համառությունդ կարող է ինձ խելագարության հասցնել։
— Լսո՞ւմ ես, Գարեգին,— դարձավ կինը եղբորը,— լսո՞ւմ ես, թանկագին կահ-կարասի, խոհարար, սպասավոր, զարդ ու պճրանք։ Ահա ինչպես է հասկանում իմ պահանջը: Օրվա հացի փող չունենք, երեխաներս շրջում են կիսամերկ, ոտաբոբիկ, վերջին շապիկս եմ մաշում, և ես հանկարծ սպասում եմ դրանից փարթամ ապրուստ, հա, հա, հա։
Սուր և կծու էին Ավալյանի համար և այդ թույլ ձայնը և այդ դառն ծիծաղը, որ գալիս էր տանջված կրծքի խորքից։
— Արուսյակ,— արտասանեց նա, աշխատելով զսպել գրգիռը— խնդրում եմ, բավական է, մի՛ տանջիր ինձ։
— Դեռ ե՞ս եմ քեզ տանջում, ե՞ս։ Տասներկու տարի է իմ կյանքը տանջանքների շղթա է, դեռ դո՞ւ ես հանդիմանում ինձ։ Մտիկ արա ինձ, ինչ օրի եմ հասել։ Աշխատում եմ օրը մինչև երեկո ինչպես փողոցի բեռնակիր, հոգնում եմ և ուժասպառ լինում այնքան, որ շունն էլ փախչում է ինձանից։ Խոհանոցի ծուխն ու անվերջ արցունքներս աչքերս կուրացրել են։ Նայիր ձեռներիս նրանք փայտացել են կոպիտ աշխատանքից։ Նայիր ինձ, ո՞վ կարող է ասել, որ ես քսանուինը