Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեն շարժվում։ (Միհրանն ուսերը բարձրացնելով, տարակուսած նայում է նրան շարունակ) Օօ, ի՜նչ տոթ է, կարծես, օդ չկա։ (Վեր է կենում, լուսամուտներից մեկի վարագույրը հետ քաշում, հետո փեղկը բաց անում): Ի՞նչ հիանալի երեկո է, անձրևից հետո լուսին։ Ի՜նչ մաքուր է երկինքը։ (Մոտենում է և պակսեցնում բրոնզյա լամպարի լույսը: Ներս է սփռվում լուսնի մեղմ կաթնագույն լույսը):

ՄԻՀՐԱՆ. Բայց ցուրտ է, կարող ես մրսել, հեռո՛ւ կաց։ (Բռնում է թևից և լուսամուտից հեռացնում: Հետո լուսամուտը ծածկում է, լամպարի լույսն ավելացնում և նայում նրան ուշադիր):
ԵՎԳԻՆԵ. Երանի թե մրսեի ու հիվանդանայի։ Երանի մեռնեի։ Ախ, տեր աստված, որքա՜ն անտանելի է։
ՄԻՀՐԱՆ. (Պաուզա) Եվգինե, նայիր ինձ... (Մոտենում է ու ձեռից բռնում) Ես քեզ միշտ խելոք կին եմ համարել...
ԵՎԳԻՆԵ. Խելո՛ք... մի ասա այդ բանը։

Լուռ տեսարան

ՄԻՀՐԱՆ. Դեհ, ասելո՞ւ ես, թե ինչի մասին ես մտածում։

ԵՎԳԻՆԵ. Ասե՞մ։ Լա՛վ։ Նստիր ահա այստեղ։ (Նստում են): Լսի՛ր, ես վաղուց ուզում էի քեզ պատմել մի պատմություն, հեքիաթ, ինչպես կամենաս հասկացիր, Ես այդ կարդացել եմ չգիտեմ ինչ գրքում և երբ, բայց ինձ վրա շատ խոր ազդեցություն է արել։ Լսո՞ւմ ես։
ՄԻՀՐԱՆ․ Լսում եմ։
ԵՎԳԻՆԵ. Եղել է չի եղել, չգիտեմ ուր, ասենք հեռու Արևելքում, Արաբիայի թե Հնդկաստանի մի հարուստ քաղաքում մի աղքատ այրի։ Նրա ամուսինը, մի ազնիվ ու քաջ զինվոր, մեռնելով, իր կնոջ ու միակ աղջկա համար չի թողնում ոչ մի ժառանգոլթյուն, բացի իր զենքերը։ Բայց աղջիկը մորից ժառանգում է մի հոգեկան հատկություն— ծայրահեղ ինքնասիրություն։ Այդ աղջիկը ոչ շատ գեղեցիկ է եղել, ոչ տգեղ, ոչ շատ խելոք և ոչ հիմար։ Մայրը սիրում է նրան ավելի, քան իր աչքի լույսը, փայփայում է մայրական անկաշառ սիրով․ ոչինչ չի խնայում