ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ասում են, արտաքին երևույթներին գույն տվողը մեր
անձնական տրամադրությունն է։
ԱՆՆԱ. Ահա այդ է ճիշտը. Հերսիլե մեր անձնական տրամադրությունը։ Այսօր քո ամուսնության տարեդարձն է, ուրախ հյուրեր, սքանչելի բնություն, (ժպտալով) գուցե մի փոքր էլ շամպայնն ազդել է մեզ վրա։ Իսկ դուք, պարոն Անտոն, ինչպես երևում է, շատ էլ չեք սիրում բնության հրաշալիքները...
ԱՆՏՈՆ.(Այդ միջոցին զբաղված է ինչ-որ գործնական խոսակցությամբ Սուրենի հետ) Ես վաղուց եմ կշտացել այդպիսի տեսարաններից։
ՀԵՐՍԻԼԵ.Դու երբեք բնության գեղեցկությամբ չես հիացել։
(Վերցնում է պիանինոյի վրայից կոնֆետների տուփը, բաց է անում և դնում սեղանի վրա):
ՎԱՐՎԱՌԵ.(Պարզ հագնված, բավական սիրուն, բայց գեր ու կոշտ դեմքով կին է) Ուղիղն ասած, ես զարմանում եմ, որ մարդիկ ամեն դատարկ բանով հիանում են։ Արեգակը մայր մտավ, լուսինը դուրս եկավ, երկինքը կարմրեց, կապտեց ինչ հիանալու բաներ են դրանք։ (Վերցնելով
երկու խոշոր կոնֆետներ, մեկը իր բերանն է դնում, մյուսը տալիս է ամուսնուն):
ՍՈԻՐԵՆ․(Նկատելով Աննայի հեգնական ժպիտն իր կնոջ խոսքերի վրա, գրգռվում է)Իմ կարծիքով, գեղեցիկ կարելի է համարել միայն այն, ինչ որ այս կամ այն կերպ նպաստում է մեր կյանքի բարօրությանը։ Իսկ այդ բարձր լեռներն իրանց ձյունապատ գագաթներով ուրիշ ոչինչ են, եթե ոչ մի-մի խոչընդոտ մեր կյանքի բարօրության համար։
ՌՈԻԲԵՆ.Այդ ինչպե՞ս, հետաքրքրական է իմանալ։
ԱՆՏՈՆ.Շատ հասկանալի է, եթե այդ լեռները չլինեին, գուցե
մեր երկիրն այսօր ծածկված լիներ երկաթուղու գծերով։
ՍՈՒՐԵՆ․Եվ մենք մեր ապրուստի միջոցները կրկնակի էժան ձեռք կբերեինք մեր կյանքի բարօրության համար։
ՌՈՒԲԵՆ.Դարձյալ բարօրություն.․․ բայց ի՞նչն եք համարում,
կյանքի բարօրություն, պարոն Ֆրանգուլյան․․․