Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող է խաբուսիկ լինել։ Դժվար է թափանցել մարդկանց սիրտը։

ՀԵՐՍԻԼԵ. Ես աչքերով չեմ դատում, այլ հոգով։
ԱՆՏՈՆ. Կան հարյուրավոր կանայք, Հերսիլե, որ քեզ են նախանձում։ Հարցրու նրանց և կասեն քեզ, որ կանանց մեջ ամենաերջանիկը դու ես։
ՀԵՐՍԻԼԵ. Այո, չեմ հերքում, ինձ համարում են երջանիկ, սակայն այն կանայք են համարում, որոնք գիտեն իրանց հոգու ամայությունը մոռանալ հանուն իրանց ամուսնու հարստության, ոսկու, ադամանդների, շքեղ արդուզարդերի և փայլուն կահ-կարասու։
ԱՆՏՈՆ. Իսկ դու... դու... ուզում ես քո սրտի ամայությունը լցնել ավելի... ավելի էական բանով, այո՞․․․ (Հուզվում է ու դողում):
ՀԵՐՍԻԼԵ. (Վիրավորված) Մի վիրավորիր ինձ կասկածներով, ես քեզ ոչ մի առիթ չեմ տվել։
ԱՆՏՈՆ. Այո, մինչև այժմ առիթ չես տվել, բայց թվում է ինձ, որ այսուհետև ուզում ես տալ։
ՀԵՐՍԻԼԵ. Ես չեմ կարող այդ եղանակով խոսել քեզ հետ։ (Քայլերն ուղղում է դեպի ննջարան):
ԱՆՏՈՆ. Ոչ, սպասիր։ Այժմ հենց այս լեզվով պիտի՛ խոսեմ քեզ հետ։ Բավական է որքան համբերեցի, լռեցի և տանջվեցի։ Հերսիլե, զսպիր վառ երևակայությունդ, ապա թե ոչ նա կարող է քեզ անդունդ գլորել։
ՀԵՐՍԻԼԵ. Թող գլորի, այլևս կեղծել չեմ ուզում և չեմ կարող։
ԱՆՏՈՆ. Չե՞ս կարող, ուրեմն ես էլ չեմ կեղծիլ։ Լսիր, մինչև այսօր դու խոցոտել ես իմ ինքնասիրությունը, իմ առնական եսը, և ես քեզ ներել եմ ու լռել։ Իսկ այժմ, երբ այպիսի հանդգնությամբ պարզում ես քո արհամարհանքը դեպի ինձ. ականջ դիր։ Ես կշարունակեմ մի առժամանակ ևս քեզ հետ վարվել այնպես, ինչպես վարվել եմ մինչև այժմ, սիրով, բարությամբ, փաղաքշանքներով։ Բայց եթե դու այսուհետև էլ մնաս այդպես սառն, անտարբեր, եթե այսուհետև էլ արհամարհես ինձ հոգուդ խորքում, այն ժամանակ իմացիր, որ ես մի հասարակ գյուղացու որդի եմ և լեռնական։ Հասկանու՞մ ես միտքս։