անբարոյական են, բոլորը․․․ (Թույլ, անվստահ, քայլերով անցնում է բուդուար):
ՎԻՐԺԻՆԵ. (Ներս է մտնում նախասենյակից․ նա չափազանց հուզված է. աչքերով փնտրում է Հերսիլեին, հետո մոտենում է բուդուարի դռներին և ականջ է դնում) Կարծեմ լալիս է․․․
ՍԱՄՍՈՆ. (Ներս է մտնում նախասենյակից) Կառքը պատրաստ է։
ՎԻՐԺԻՆԵ. (Ցույց է տալիս նախասենյակի կողմը) Այնտեղ, դռների մոտ մի կապոց եմ դրել, տար, դիր կառքի վրա։
ՍԱՄՍՈՆ. (Գնում է):
ՀԵՐՍԻԼԵ. (Դուրս է գալիս բուդուարից գլխարկով, ձեռին մի փոքրիկ թղթե կապոց, մի քանի վայրկյան թուլացած կանգ է առնում դռների մոտ. հետո, ուշքը ժողովելով, վճռական շարժում է անում) Ապագան ինձ
կարդարացնի, թող ներկան դատապարտի։ Մոտեցիր, Վիրժինե․․․
ՎԻՐԺԻՆԵ. (Հարձակվում է, բռնում է Հերսիլեի ձեռը, սեղմում է իր շրթունքներին) Մենք չենք կարող առանց քեզ․․․
ՀԵՐՍԻԼԵ. (Արտասուքը զսպելով) Քեզ եմ հանձնում, Վիրժինե։ (Համբուրում է և շտապով մոտենում գրասեղանին, գրիչ վերցնում, արագ-արագ մի քանի տող գրում, ծրարում է և ծրարը թողնում սեղանի վրա):
ՎԻՐԺԻՆԵ. (Լուռ արտասվելով, աչքերով հետևում է նրան) Մենք ի՞նչ պիտի անենք․․․
ՀԵՐՍԻԼԵ. Չպիտի թուլասիրտ լինել․․․ (Մի անգամ ևս համբուրվում է Վիրժինեի հետ և շտապով անցնում նախասենյակ):
ՎԻՐԺԻՆԵ. (Աչքերը սրբելով, հետևում է նրան, փոքր ժամանակ բեմը մնում է դատարկ, հետ է գալիս նախասենյակից, մոտենում է լուսամատին, թեքվում, նայում ու հետ դառնում) Գնաց։ Ինչո՞ւ արավ այդ բանը, տեր աստված․․․ (Ուզում է գնալ բուդուար․ նախասենյակից լսելով զանգակի ձայնը, ցնցվում է և մնում անշարժ, հետո շտապով անցնում է բուդուար):