Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՄԱԶԴ (Դառը ժպտալով, տակավին սառը): Սովորական հերոսությունը կատարելուց հետո, պարոնը զղջում է կամ, ճիշտն ասած, սառչում է դեպի օրիորդը։ Ուսումն ավարտելով, գալիս է հայրենիք, արդեն խելքը գլուխը ժողոված։ Բայց օրիորդը չի ուզում այդպես հեշտ բաժանվել։ Սկզբում հավատում է դեպի նրա խոստումները, թե շուտով կվերադառնա Մոսկվա, ապա կասկած, այնուհետև աղաչանք, պաղատանք, արցունքներով թրջված նամակներ։ Ոչինչ չի օգնում։ Այն ժամանակ օրիորդը, հուսահատված, վերցնում է երեխային, գալիս է այստեղ՝ իր մոր նախատինքից ազատվելու համար։

ԺՈՐԺ. (Շնչասպառ, բայց արդեն բավական ընկճված)։ Այս բոլորը մի անամոթ պրիկազչիկի հնարած հեքիաթ է։
ՕՎՍԱՆՆԱ. (Ամբողջ ժամանակ հետևել է ժորժի դեմքի արտահայտությանը: Արամազդին): Շարունակեց՛եք։
ԱՐԱՄԱԶԴ. (Միշտ անուշադիր դեպի ժորժը): Պարոնը միջոցներ է փնտրում անախորժ հյուրից ազատվելու համար։ Մեջ են ընկնում նրա համալսարանական ընկերները, գործը հանձնվում է ընկերական դատարանին։ Որոշվում է այսպես, օրիորդը կմնա այստեղ, պարոնը երեխային կտա իր անունը, իսկ մորը կհամարի իր կինը։ Օրինական, թե ապօրինի-միևնույնն է։
ՕՎՍԱՆՆԱ․ (Շնչասպառ): Հետո՞, հետո՞...
ԱՐԱՄԱԶԴ․ Օրիորդը դրականապես հրաժարվում է, ասելով, թե ոչ միայն չի կարող այդ մարդու կինը դառնալ, այլև չի համարձակվիլ իր երեխային տալ նրա անունը։ Այդ ժամանակ ընկերները որոշում են, թե պարոնը պարտավոր է ապահովել գոնե իր զավակին մի որոշ ամսականով։ Պարոնը, իհարկե, խոստանում է... Օրիորդը վերցնում է երեխային և վերադառնում է Մոսկվա, ահա այդ մատանին ձեզ տալու նախընթաց օրը...
ՕՎՍԱՆՆԱ. Փաստեր տվեք, փաստեր, ես ձեզ չեմ հավատում։
ԺՈՐԺ․ (Մի քիչ խրախուսված): Այո, փաստեր, ես փաստեր եմ պահանջում։ Ումի՞ց եք լսել այդ սոսկալի զրպարտությունը։