Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՄԱԶԴ․ (Կիսով չափ դառնալով Ժորժին): Ճանաչո՞ւմ եք բժիշկ Ազիզյանցին։

ԺՈՐԺ. Նա իմ թշնամին է։
ՕՎՍԱՆՆԱ. Ես նրա մասին շատ լավ կարծիք եմ լսել։
ԱՐԱՄԱԶԴ. (Դառնալով Օվսաննային): Բժիշկ Ազիզյանցը եղել է մեկն երկու դատավորներից օրիորդի կողմից։ Թույլ տվեք կատարել նրա մի անախորժ հանձնարարությունը, օրիորդ։ (Դուրս է բերում գրպանից մի նամակ)։ Դուք, անտարակույս, ճանաչում եք ձեր նշանածի ձեռագիրը։ Առեք... (Տալիս է նամակը:)
ԺՈՐԺ. (Մեկուսի): Իմ նամակը։ (Հարձակում է Օվսաննայի վրա, որ նամակը խլե): Մի՛ կարդա, Օվսաննա, դա մի տասը զրպարտություն է․․․
ՕՎՍԱՆՆԱ․ (Խիստ և սպառնողական տեսքով): Սպասի՜ր... ԱՐԱՄԱԶԴ.
ՕՎՍԱՆՆԱ. (Նայում է նամակի վերնագիրը): Սիրելի Օլգա, (Ապա ստորագրությունը): «Քո ժորժ»։ Այո, այս քո ձեռագիրն է (Շտապ շտապ կարդում է մտքում, ավելի ու ավելի հուզվելով։ Ապա, ձեռքերը թուլացած կողքերին թողնելով, դառը կշտամբանքով): Ողորմելի, որքան սեր ես շռայլել։
ԺՈՐԺ. Սուտ է այդ բոլորը, Օվսաննա, սուտ է, մի՛ հավատար։ Ես այդ աղջկան չեմ մոլորեցրել, այլ ինքն է հափշտակվել։ Դա երիտասարդական մի սխալ է։ Դա մի սովորական բան է, նշանակություն մի տուր, քեզ ոչ ոք չի անհանգստացնիլ, ոչ ոք...
ՕՎՍԱՆՆԱ. Օ՜, եթե միայն այդ լիներ։ (Հանում է մատանին և շպրտում Ժորժի վրա): Վերցրեք և հեռացեք այստեղից...
ԺՈՐԺ. Բայց...
ՕՎՍԱՆՆԱ. Հեռացե՛ք, հեռացե՛ք, հեռացե՛ք։ (Երեսը դարձնում է Ժորժից):