Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Իհարկե, իհարկե, խեղճ չենք, քանի որ քեզ նման հերոսներ ունինք։ Ա՜հ, ո՞վ ասաց, թե արյան զավակն ավերի թանկ է, քան հոգեկանը։ Ահա սա է իմ զավակը, սա, և ոչ նա, այն խորթ ծնունդը հարազատ ծնողների։ Մի մերձենար նրան, Արազ, Նա թույն է բերել հյուսիսից, նա կարող է վարակել քեզ մի սոսկալի ախտով։

ԱՐՏԱՇԵՍ. (Զարմանալով): Հայր, խնդրում եմ վերջ տալ այդ տեսարանին, մենք արդեն բավական ճանաչում ենք միմյանց։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Լռի՛ր, ես քո հայրը չեմ։ Մի՛ պղծիր այդ բառը։ Ազգամոռներ, դուք կործանվածներ եք, որ ուզում եք կործանել մեր ազգը, գրգռելով մեր դեմ մի հզոր պետություն։ Աա, հեռո՜ւ, հեռո՜ւ ձեզ նման ժանտախտից։ Արազ, նա լեղի սրսկեց իր հոր սիրտը: Նա մութ գերեզմանի դռները վաղաժամ բաց արավ իմ աչքերի առջև։
ԱՐԱԶ. Ուսուցիչ, դուք դողում եք, դուք տկար եք երևում։ (Մեկուսի): Որքա՜ն փոխվել է:
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Տկար չեմ, Արազ։ Ես կազդուրվեցի քո խոսքերից։ Նեկտարի նման ուժ ներշնչեցին իմ հնացած արյան։ Ա՛հ, դողում եմ, այնպես չէ, Արազ։ Բայց այդ ոչինչ, ուրախությունիցս է։ Գնա՛, որդի, գնա քո սուրբ ճանապարհով, օրհնում եմ այն հոգվույս ամբողջ կարողությամբ, սրտիս ամբողջ ուժով։
ՀՐԱՆՏ. (Ցածր): Դժբախտաբար, օրհնություններն այժմ չեն օգնում։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Առաջ չէր նկատել Հրանտին: Լսելով նրա ձայնը, ցնցվում է): Աա, դու նրան դեռ չե՞ս վռնդել այստեղից։ (Նայում է Հրանտին և կատաղում): Վնասակար միջատ ի՞նչ գործ ունիս իմ տանը։ (Շնչասպառ): Դո՜ւրս, դո՜ւրս այստեղից։ (Ուզում է հարձակվել Հրանտի վրա):
ԱՐԱԶ. (Բռնելով Սենեքերիմի թևը): Ուսուցի՜չ...
ԱՐՏԱՇԵՍ. Հայր, ուշքի եկ, լավ բան չես անում։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Դուրս վռնդիր այդ զազրելի սողունին։ Դո՜ւրս, ապա թե ոչ - մատներովս կխեղդեմ նրան։ նա հանդգնեց ցեխ շպրտել իմ ուսուցիչների երեսին, նա ծաղրեց իմ