ՋԱՀԱՆԳԻՐ․ Գնամ շոր չորացնելու չվանը բերեմ, դրանց բոլորի ոտք ու ձեռքը մի լավ կապոտենք։
ՍԱՄՎԵԼ. Կապոտել հարկավոր չէ, այժմ դրանք անզոր են։
ԼԱԶԱՐ․ (Ջահանգիրին)։ Գնա ոստիկաններ կանչիր, հանձնենք դրանց նրանց ձեռքը։
ՍԱՄՎԵԼ. Դու մի՛ խառնվիր, քո բանը չէ։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Շարունակ երկյուղով նայել է սեղանի վրա դրած փաթեթին): Դեռ առաջ, առաջ այդ զահրումարը աչքիցս հեռացրեք։ Ոտներս դող է ընկել։ Ջահանգիր վերցրու։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Երկյուղով նայելով փաթեթին): Չէ, աղա, քաչալը ջուր չի մտնիլ, ես դրան մոտեցողը չեմ։
ՍԱՄՎԵԼ. (Վերցնում է փաթեթը, բաց է անում, նայում է, ժպտում և միջի իրերը տալով Ջահանգիրին): Ա՛ռ, կե՛ր։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Ետ է քաշվում): Դե՛ն տար, խաթա է։
ՍԱՄՎԵԼ. Կեր, ասում եմ։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Վախվխելով վերցնում է իրը, նայում է ապշած): Ադա, դա սերկևիլ է խոմ։
ԱՄԵՆՔԸ. Սերկևի՞լ։
ՋԱՀԱՆԳԻՐ. Ձեր արև, սերկևիլ։ Ա՛յ, տեսեք։ (Կծում է սերկևիլը և ծամում)։
ՀԱՅՐԱՊԵՏ․ Բա, ես դրանց հոր.․․
ՍԱՄՎԵԼ․ (Առաջին անձին)։ Դեհ, այժմ, ինչպես գրպաններդ լցրիր, այնպես էլ դատարկիր։
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. (Ուզում է փախչել):
ՋԱՀԱՆԳԻՐ. Հը, հը, ո՜րտեղ ես փախչում։ (Բռնում է Երրորդ անձի փեշերից): Սերկևիլ պիտի ուտենք։
ՍԱՄՎԵԼ. (Առաջին անձին): Դեհ, շո՜ւտ։ (Ատրճանակը բարձրացնելով):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Դուրս է բերում գրպանից դրամները և դնում գրասեղանի վրա):
ՀԱՅՐԱՊԵՏ. Բեր այստեղ, բեր, հալալ քրտինքով աշխատած փողերս։ Քիչ էր մնում աչքերս բաց կողոպտվեի։ Այստեղ տասներկու հազար հինգ հարյուր ռուբլի փող կա, հանաք մասխարություն չիմանաք։ (Ուզում է փողերը դնել պահարանի մեջ):
ՍԱՄՎԵԼ. Ոչ, հայրիկ, դեռ մի՛ վերցնիր այդ փողերը։