Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեռած լիներ։ Ես սխալվում եմ նրա մասին։ Նա դեռ բաբախում է և ավելի զորեղ, քան երբևէ բաբախել է։ Եվ մի՞թե նա տակավին պահում է իր մեջ մի կաթիլ զգացում դեպի այն մարդը... Օօ՜о, դառն և ամոթալի է մտածել այդ մասին, այո, ես մի թույլ, տկար և բնավորությունից զուրկ արարած եմ, որ ատելով նրան հոգվույս ամբողջ զորությամբ, միևնույն ժամանակ թվում է ինձ, որ տակավին սիրում եմ։ Բայց ի՞նչ է մնում ինձ անել այսուհետև։ Տեսնել, թե իմ պատճառով ինչ բարոյական վիշտ է կրում իմ միակ եղբայրը, զգալ ամեն օր իմ մոր գաղտնի հառաչանքները և արտասուքը, տեսնել, թե ինչպես թշվառ կինը օրից օր ընկճվում է դառն դժբախտության ներքո և իբրև ուրվական պտտում իմ շուրջը։ Ոչ, այդպես շարունակել անկարելի է։ Պատիվս ոտնակոխ եղած, հույսերս խորտակված, անունս ամբոխի մեջ հավիտյան ապականված, անցյալս թշվառ, ներկաս ամոթալի, ապագաս առանց հույսերի։ Եվ ես դեռ ապրում եմ։ Ինչո՞ւ ո՞ւմ համար... (լռություն) Մի շաբաթ առաջ ես Գարեգինի սենյակումն էի։ Նա իմ միտքը զբաղեցնելու համար պատմում էր ինձ զանազան դեպքեր բժշկականության վերաբերմամբ։ Այն րոպեին, երբ նա խոսում էր, հանկարծ մի միտք կայծակի արագությամբ անցավ խմ մթնած ուղեղով։ Ես սարսափեցի այդ մտքից, երբ իմ հայացքը ընկավ Գարեգինի սեղանի վրա, ուր դարսված են զանազան գործիքներ և դեղեր... Այն օրվանից դես երբեմն հալածում է ինձ այդ միտքը, և միայն մոռանում եմ այն ժամանակ, երբ համբուրում եմ իմ զավակի անմեղ աչքերը։ Այժմ նրան խլում են ինձանից անգթաբար և գուցե առմիշտ... Աստվա՜ծ իմ, ես այսուհետև ուժ կունենա՞մ արդյոք մաքառել այդ հանցավոր մտքի դեմ, ներիր, ների՞ր ինձ, աստվա՜ծ... (ձախ դռներից դուրս է գալիս Գարեգինը): Ահա եղբայրս, միշտ հուզված, միշտ լարված։ Ոչ, պետք է մի կերպ զսպեմ ինձ և գոնե նրա ներկայությամբ հանգիստ ձևանամ: