Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱՎԱԴ. Մի բան էլ ասեմ, խոսքս վերջացնեմ։ Հասկացող մարդիկ ասում են, որ ընտանիքն առանց զավակների բախտավոր չէ։ Էհ, այս էլ խմենք և աստծուց խնդրենք, որ նա մեր Ռուստամին շուտով պարգևի իր նման մի ղոչ տղա։


ԱՄԵՆՔԸ. (Բացի Սեյրանից): Ամեն, ամեն, հուռռա՜...

ՄԱՐՏԻՐՈՍ. Հիսուսը կպարգևի։

ՍԵՅՐԱՆ. (Միշտ նստած է, մինչ բոլորը կանգնած են: Խորհում է, շրթունքները կրծոտելով):

ԵԳՈՌ. (Շարունակ դիտել է Սեյրանին, բավականին գրգռված): Էյ, ղարիբ, վե՞ր ես կենալու ոտքի, թե՞ չէ, խմելո՞ւ ես այս կենացները, թե չէ։

ՋԱՀԱՆԳԻՐ. Ղարիբը հարբել է, շարժվել չի կարող։

ԵԳՈՌ. (Մեկուսի Ջավադին): Սատանան ասում է դրա կողքը ծակիր (Ձեռը սեղմում է դաշույնի դաստակին):

ՋԱՎԱԴ. Համբերիր։

ՍԵՅՐԱՆ. (Բարձր): Էյ, ո՞վ է հարբած, ե՞ս։ Տեսնենք։ (Ոտքի է կանգնում, ուղղում իրան, մի հայացք ձգում բոլորի վրա և գլուխը բարձրացնելով, աջ ձեռը սեղմում է դաշույնի դաստակին, ձախ ձեռով գավաթը բարձարցնում): Թամադա։

ՋԱՎԱԴ. Լսեցեք, լսեցեք, ղարիբն է խոսում։

ԱՄԵՆՔԸ. (Լարում են իրանց ուշադրությունը):

ՍԵՅՐԱՆ. Թամադա, ինչպես հրամայեցիր, ես էլ խմում եմ Ռուստամի կենացը։ Ես էլ եմ ցանկանում նրան երկար կյանք, առողջություն, հարստություն, տուն֊տեղ, բախտավորություն, ձեզ նման դարդիմանդ ընկերներ, այսպես ուրախ սեղաններ և ինձ նման անկոչ հյուր:

ՋԱՎԱԴ. Ապրես բարեկամ, ապրես։

ՋԱՀԱՆԳԻՐ. Մարդը խոսել իմացել է։

ԵԳՈՌ. Թող տեսնենք ինչ է ասելու։

ՄԱՐՏԻՐՈՍ. Բայց ես ծիպլի ծատուրը չեմ ներիլ նրան։

ՌՈՒՍՏԱՄ. (Ամբողջ ժամանակ միևնույն դիրքում կանգնած, շարունակ դիտում է Սեյրանին):

ՍԵՅՐԱՆ. Թամադա, դու ասացիր, որ Ռուստամը ձեր պարծանքն է, որ նա Դաղստանում ազնիվ մարդու ու քաջ