Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղամարդու անուն ուներ։ Բայց դու այն էլ ասացիր, որ նա յուր նամուսի համար առյուծ է։ Ես հարցնում եմ այդ մարդուն. ի՞նչ ասել է նամուս (Գավաթը դնում է սեղանի վրա և ձեռը ավելի ամուր սեղմում դաշույնի դաստակին: Ամենքը տարակուսանքով նայում են նախ միմյանց, ապա Ռուստաամին: Իսկույն յուր հարցի պատասխանը չստանալով, քիչ լռությունից հետո): Հը՞, հարցնում եմ, ի՞նչ ասել է նամուս։


ՌՈՒՍՏԱՄ. (Հուզմունքը հազիվ զսպելով): Նամուսը գյադա֊գյադաների կերակուր չէ։

ՍԵՅՐԱՆ. (Դառն հեգնությամբ): Աֆարիմ, աֆարիմ, իսկ և իսկ իմ ուզածն ասացիր գավաթը բարձրացնելով) Թամադա, ինչպես հրամայեցիր, ես էլ խնդրում եմ աստծուց, որ նա այդ մարդուն պարգևի մի ղոչ տղա։ Ցանկանում եմ, որ այդ տղան լինի այնքան նամուսով, որքան ինքը։ (Ծիծաղում է դառն ծիծաղով):

ԱՄԵՆՔԸ. (Բացի Ոուստամից): Շա՜տ լավ, շատ լավ։

ՍԵՅՐԱՆ. Տա աստված, որ տղան լինի հարազատ ծնունդ, որ նա աչքունքով, երեսմերեսով նմանվի այդ մարդուն, որ ամեն մի տեսնող ասի, ահա, դա Քոչարյանց Ռուստամի զավակն է, իսկ և իսկ նրանն է, ուրիշինը չէ։

ՋԱՎԱԴ. (Լուրջ, խիստ): Հետո՞, հետո՞։

ՍԵՅՐԱՆ. Որովհետև, լսեցեք, որովհետև, անեծք չար սատանին։

ՋԱՀԱՆԳԻՐ. Որովհետև, գինին գլխիդ շատ է զոռում։

ԵԳՈՌ. (Նորից գրգռվելով): Թողեք, թողեք տեսնենք ինչ է դուրս տալիս։

ՍԵՅՐԱՆ․ Որովհետև հաստատ գիտեմ, որ Ռուստամի տղան կամ աղջիկը—աստծուն է հայտնի— նմանվելու է յուր իսկական հորը:

ՋԱՀԱՆԳԻՐ․ (Հեգնաբար): Բան ասաց, լավ, տեղդ նստիր, դատարկապորտ։

ՌՈՒՍՏԱՄ. Իսկական հո՞րը։ Ի՞նչ ես ուզում ասել, տղա։

ՍԵՅՐԱՆ. Հարիֆ ես, հասկացիր ինչ ասացի։ Ա, եղկ (Առանց խմելու գավաթս շպրտում է նա հատակի վրա: Ընդհանուր շփոթություն, հազում: Լռություն մի քանի վայրկյան):