Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Տարօրինակ ուրախությամբ): Մանիշա՜կս: (Ավելի բարձր): Մանիշա՜կս։ (Մի անգամ ևս dիտում է Սոնային): Հա՞ա, դո՞ւ ես, յոթ տարի անցած, յոթ սև տարիներ, Հա՞ա, դու իմ Մանիշա՞կն ես։ Ասա, բալաս։

ՍՈՆԱ․ (Գլուխը թեքել էր կրծքին, բարձրանում է, զարմացած նայում է Գիժ-Դանիելի երեսին): Գլուխս ցավում է։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Դեպի հիշողություն): Նրա գլուխը ջախջախվեց քարերի տակ։ (Սոնային): Վեր կաց, բալաս, վեր կաց, քեզ տուն տանեմ։
ԽԱՉԻԿ. Այ, Դանիել ապեր, Սոնանց տունը սա է։ (Ցույց է տալիս տնակը):
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Սրբազան երկյուղածությամբ): Սո՛ւս, նա իմն է, իմը։ (Գրկում է Սոնայի գլուխը): Այ, մազերը ոսկե թելեր, աչքերը կապույտ, կապույտ փիրուզաներ։ (Սոնային): Տուր ինձ ձեռդ, բալաս, վեր կաց։ (Ոտքի է կանգնեցնում Սոնային, խնամքով սրբում է հագուստը, սազը դնելով գետնին): Սիրուն ես, շատ սիրուն։ (Երեխաներին): Էյ, Մանիշակիս ընկերներ, սազս վերցրեք։
ԽԱՉԻԿ. (Իսկույն սազը վերցնում է գետնից):
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ․ Լավ պահեցեք, չվախենաք, օձ կա նրա մեջ, չի կծիլ։ (Սոնային գրկած բարձրացնելով): Եկ, եկ, սիրուն բալաս։
ԽԱՉԻԿ. (Վախեցած, իսկույն սազը դնում է թախտի վրա):
ԶԱՌԻԿ. (Շուշանին տեսնելով): Այ, Շուշան բաջին եկավ։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Սոնային գրկած բերում է դեպի կենտրոնը): Այսպես գրկած նրան, երգ էի ասում, շվացնում։


ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ և ՇՈՒՇԱՆ


ՇՈՒՇԱՆ․ (Գալիս է ցանկապատի հետևից՝ աջ կողմից: Տեսնելով երեխաներին տխուր և Սոնային Գիժ-Դանիելի գրկում): Ամա՜ն, ի՜նչ է պատահել երեխայիս։ (Վազում է առաջ):
ԽԱՉԻԿ. Խաղ էինք անում, ընկավ։