Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հուլիանոսներ, գլուխներդ քուֆթա կշինեմ, եթե Մանիշակիս երեսին խոսեք, կամ նեղացնեք նրան։ Գնանք, ուստա Ոսկան։ (Գնում է աջ կողմի դռներով):

ՈՍԿԱՆ. (Գնում է աջ կողմի դռներով Գիժ-Դանիելի հետ):
ՍՈՆԱ. (Աչքերը սրբելով, գնում է խորքի ձախակողմյան դռներով):

ՏԵՍԻԼ 9

ԶԱՌՆԻՇԱՆ, ՇՈՒՇԱՆ և ՋԱՎԱՀԻՐ

Լռության, շփոթում:

ՋԱՎԱՀԻՐ. (Շուշանիս): Նստիր, խնամի։
ՇՈՒՇԱՆ. (Վշտացած): Էհ, դրանից հետո էլ ինչ նստեմ։ Մնաք բարով։ (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դռները):
ԶԱՌՆԻՇԱՆ. Սպասիր, բան ունիմ ասելու։ (Ջավահիրին): Դու գնա երեխաների մոտ։
ՋԱՎԱՀԻՐ. Լավ հարս բերեցինք մեր տուն, լավ խնամիներ ձեռք բերեցինք, ի՞նչ ասել կուզի։ (Գնում է աջակողմյան դռներով):

ՏԵՍԻԼ 10

ԶԱՌՆԻՇԱՆ, ՇՈՒՇԱՆ հետո ՋԱՎԱՀԻՐ

ԶԱՌՆԻՇԱՆ. Նստիր։ (Նստելով թախտի վրա, Շուշանին քթախոտ է առաջարկում): Լավ, մի նեղանար, ինչ որ պատահեց, պատահեց։ Խոսենք մի ավելի մեծ ցավի մասին։

ՇՈՒՇԱՆ. (Նստել է, քթախոտ վերցրել: Ցնցվում է): Մեծ ցավի՞ի, ի՞նչ ցավ։
ԶԱՌՆԻՇԱՆ. Խնամի, ասում են, որ աղջիկդ ցավագար է։
ՇՈՒՇԱՆ. (Գունատվելով): Ասո՞ւմ են։
ԶԱՌՆԻՇԱՆ. Այո, ասողն էլ մեկը չէ, երկուսը չէ։ Մի քանի տեղերից ենք լսել։
ՇՈՒՇԱՆ. Չորանա ասողի լեզուն։
ԶԱՌՆԻՇԱՆ. Իհարկե չորանա, եթե սուտ է։