ՇՈՒՇԱՆ. Սուտը սատանայից է, ճշմարտությունը աստծուց։
ԶԱՌՆԻՇԱՆ. Դա մի խոսք չէր, որ ասացիր, խնամի, հարցիս կարճ կտրական պատասխան տուր. աղջիկտ ընկնավո՞ր է։
ՇՈՒՇԱՆ. Դե ինչ պատասխանեմ, խնամի, մի ամիս է նա ձեր տանն է, ընկե՞լ է այդ մի ամսվա մեջ։
ԶԱՌՆԻՇԱՆ. Գոհություն աստծու, դեռ չենք տեսել։
ՇՈՒՇԱՆ. Հույս երկնավորից, որ չեք էլ տեսել։ Չար լեզուներըն ում չեն բամբասում։
ԶԱՌՆԻՇԱՆ. Ասենք այդ էլ ճշմարիտ է։ Մեր քաղաքում բախտավոր կանանց մասին ինչ ստեր ասես — տարածվում են։ Ամենքը նախանձում են աղջկադ, որ իմ տանն է արժանացել։ Ուրեմն սուտ է։ Փառք աստծու, հիմա հանգիստ կարող եմ քնել։ Դե, մարդուդ համար կներես։ Ինքրդ էլ տեսար, որ նա ինքը մեզ անպատվեց։
ՇՈՒՇԱՆ. Այդ մեկը բաշխեցեք, կաշխատեմ, որ նա այս տունը ոտ չդնե։ (Վեր է կենում):
ԶԱՌՆԻՇԱՆ. Մնացիր մեզ մոտ ճաշելու։
ՇՈՒՇԱՆ. Շնորհակալ եմ, խնամի, գնամ, Մնաս բարով։ (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դռները: Լսելով հարևան սենյակից ճչի ու թրմփոցի ձայն, կանգ է առնում ցնցվելով): Ա՛հ։
ԶԱՌՆԻՇԱՆ. Այդ ով էր, ի՞նչ պատահեց։
ՇՈՒՇԱՆ. (Շտապ քայլերով գնում է խորքի ձախակողմյան դռներով):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Վեր է կենում, մոտենում է խորքի աջակողմյան դռներին): Ջավահիր, Ջավահիր։
ՋԱՎԱՀԻՐ. (Գալիս է շտապով խորքի աջակողմյան դռներով): Ինչ պատահեց։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Ցույց տալով խորքի աջակողմյան դռները) Կարծեմ, ձայնը այնտեղից եկավ։
ՋԱՎԱՀԻՐ. (Շտապ քայլերով գնում է խորքի ձախակողմյան դռներով և շատ չանցած ետ է գալիս մի չարախինդ ժպիտ երեսին):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Մնալով մենակ, անշարժ կանգնած է բեմի