շունն էր կրծոտել, ո՞ր կատուն էր լիզել։ Ինչո՞ւ մեր բախտավոր տունն անբախտացրիր, ինչո՞ւ մեր պայծառ օրը սևացրիր, սևերես...
ՇՈՒՇԱՆ. Կրակ դառնար երկինքը, թափվեր նրա մոր գլխին:
ՋԱՎԱՀԻՐ. Մենք էլ ասացինք, որ ջահել, սիրուն հարս ենք բերել, ուրախանանք։ Հերիք չէ, որ թոնիրներ լպստողի ու անպատկառ հարբեցողի խնամիներ դարձանք, հիմա էլ պիտի նրանց ցավագար աղջկան ծառայենք։ Աչքներս լույս։
ԶԱՌՆԻՇԱՆ. Չէ։ Ջավահիր, այդ չի լինիլ, չեմ թողնիլ: (Շուշանին): Հենց այսօր, հենց այս րոպեիս վերցրու աղջկադ ու տար քո տունը։ Տար ասում եմ, ես դիվահարին իմ տանը պահել չեմ կարող:
ՇՈՒՇԱՆ. Լավ, կտանեմ։ (Քայլերն ուղղում է դեպի ձախակողմյան դռները):
ՄՈՒՐԱԴ. (Երևում է խորքի ձախակողմյան դռների մեջ: Վշտահար է, գունատ, բայց վճռական): Կաց։ Ոչ ոք իրավունք չունի իմ կնոջ մասին կարգադրություններ անելու։
ԶԱՌՆԻՇԱՆ. Որդի:
ՇՈՒՇԱՆ. (Քաշվում է մի կողմ և ակնածությամբ նայում Մուրադին):
ՄՈՒՐԱԴ. Այո, ոչ ոք իրավունք չունի, բացի ինձանից։ Հարսն իմն է և միայն ես կարող եմ անել նրա դատը։
ԶԱՌՆԻՇԱՆ. Մեր ամենքի դատն աստծու ձեռքումն է, բայց ես մայր եմ, չեմ թողնիլ, որ իմ որդին ապրի մի դիվահարի հետ:
ՄՈՒՐԱԴ. (Մոտենում է, խոնարհվում և պատկառանքով համբուրում Զառնիշանի ձեռքը): Մայր, որդին պարտավոր է խոնարհվել իր ծնողներին։ Մինչև օրս ես քո կամքին չեմ հակառակվել և չեմ էլ հակառակելու։ Բայց այս անգամ ինձ ներիր։ Եթե նա ինձ համար պատուհաս է, ես ուզում եմ այդ պատուհասը տանել անտրտունջ:
ԶԱՌՆԻՇԱՆ. Ուրեմն, չե՞ս ուզում դիվահարից բաժանվել։
ՄՈՒՐԱԴ. Ո՛չ։
ՋԱՎԱՀԻՐ. Չե՞ս ուզում քեզ ու մեզ ազատել տանջանքից։