Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օ՜о, Դանիել ապեր, դու մարգարե ես, քո բերանով աստված ինքը խոսեր։ Այո պետք է գնալ եկեղեցիներ, ուխտատեղեր, մատուռներ, պետք է գիշեր-ցերեկ պտտեք սրբերի մեջ, աղոթել, աղոթել, միշտ աղոթել, ծնկաչոք, ձեռներս վեր բարձրացրած։ Գիտես, ես երեկոները արթուն աչքերով տեսնում եմ բոլոր սրբերին ճերմակ զգեստներով, երկայն մազերով, սպիտակ, սպիտակ. ինչպես ամպերի քուլաներ։ Նրանք շարեշար կանգնած երգում են, այնքան քաղցր, այնքան անուշ ձայներով։ Գընանք նրանց մոտ, նրանք ինձ կանչում են, քեզ էլ, քեզ էլ, սուրբ մարդ։ Դու նրանցից մեկն ես։ Դու ինձ կտանես դրախտ, դու ինձ կազատես իմ ծանր մեղքերից։ Հետո մենք միասին դրան էլ կազատենք, մորն, էլ եղբորն էլ, ամենքին, ամենքին, ամենքին...

ՄՈՒՐԱԴ. (Հուսահատորեն, մեկուսի): Ողորմած տեր, նա խելագարվում է, ի՞նչ անեմ։
ՍՈՆԱ. (Գլուխը բարձրացնելով, ականջ է դնում): Ա՛յ, ես ձայներ լսեցի։ Նրանք են, երգում են, երկնային թագավորի առջև շարեշար կանգնած, փառաբանում են նրա անհուն զորությունը։ Ես տեսնում եմ նրանց, այ, այնտեղ են: Նրանք ինձ կանչում են։ (Բարձր): Գալիս եմ, գալիս եմ։ (Դանիելին): Գնանք, հեռանանք այստեղից։ Ազատենք ամենքին։ Տար ինձ, տար ինձ, սուրբ մարդ: Բայց սպասիր, թող շալս վերցնեմ։ Իսկույն, իսկույն: (Քայլերն ուղղում է դեպի խորքի ձախակողմյան դռները):
ՄՈՒՐԱԴ. (Գրգոված) Սոնա, սպասիր, կանգ առ։
ՍՈՆԱ. (Կանգ է առնում անշարժ, արձանացած):
ՄՈՒՐԱԴ. (Մոտենում է Սոնային): Ուշքի եկ, աղաչում եմ հանգստացիր։ Լռություն:
ՍՈՆԱ․ (ճակատը արորում է, ուշքը ժողովում): Աա, ի՞նչ: Ես ի՞նչ էի ուզում անել: Ո՞ւր էի գնում։ Այս, գլուխըս, գլուխըս, ոչինչ չեմ հիշում, ոչինչ։ (Գլուխը շփելով): Ծանր է, ծանր է, արճիճի պես։