Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՍԿԱՆ. Թող լինեն, մի՛ վախենար։ Դու գիտես, Սոնա, էլ չեմ խմում։ Այո, այո, չեմ խմում, արևդ վկա։


ՍՈՆԱ. (Անտարբեր): Լավ ես անում։

ՈՍԿԱՆ. Դու չե՞ս ուրախանում, դու ինձ չե՞ս համբուրում։ Լավ, հետո կուրախանաս։ Գիտես, որդի, իմ սիրտն էլ բարակել է, շատ է բարակել, էլ առաջվա Ոսկանը չեմ։ Տեսնում ես, ձեռներս էլ դողում են, թուլացել են, էլ երկաթ ծեծել չեմ կարողանում։

ՍՈՆԱ. (Սառը, ինք իրեն): Հայրիկս ծերացել է, կուչ է եկել:

ՈՍԿԱՆ. Հապա, կուչ եմ եկել։ Գիտե՞ս ինչից։ Քո մասին մտածելուց։ Մայրդ ամեն բան ասել է ինձ։ Քեզ տանջում են, ա՞ա,

ՍՈՆԱ. Ինձ չեն տանջում։ (Նայում է աջ ու ձախ):

ՈՍԿԱՆ. Փառք աստծու։ Դու մի՛ վախենար, անտեր չես, Մուրադն ինձ ասաց, որ քեզանից չի բաժանվիլ։ Ինչո՞ւ ես դես ու դեն մտիկ անում։ Վախենում ես, որ գան, էլի ինձ դո՞ւրս անեն։ Օ՜ օ, եթե ես փող ունենայի, ցույց կտայի նրանց։ Բայց չունիմ, ինչ արած։ Ահ։ (Ձեռքերն իրարու շփելով): Դրսում ցուրտ է, շատ ցուրտ, քարերն էլ սառել են, գետնին կպել։

ՍՈՆԱ. Նստիր քրսինի տակ, տաքացիր։

ՈՍԿԱՆ. Քրսինն ինձ չի տաքացնիլ։ Ցուրտը ներսումս է, այստեղ։ (Զարկում է կրծքին): Բայց ես չեմ խմիլ, չեմ խմիլ, որ խեղդես էլ չեմ խմիլ:

ՍՈՆԱ. Խնայի՛ր մայրիկին, հայր, նա շատ է տանջվել։

ՈՍԿԱՆ. Գիտեմ, կարծում ես, որ ես աչք չունի՞մ տեսնելու։ Իսկ դո՞ւ։ Դու չե՞ս տանջվել։ Երկուսդ էլ տանջվել եք։ Իմ պատճառով։ Լսիր, ես քեզ չեմ ասել մինչև հիմա, այսօր կասեմ։ Մի օր ես տուն եկա հարբած։ Դու երեք տարեկան էիր, խաղ էիր անում, մայրդ ինձ նախատեց։ Ուզեցի ծեծել։ Դու մեջ ընկար, կատաղությունս եկավ։ Բռնեցի ձեռներիցդ, բարձրացրի ու այնպես խփեցի քեզ պատին, որ գլխիցդ արյուն եկավ։ Մայրդ ուշաթափվեց։ (Հուզված): Է՛ է, ո վ գիտե, կարելի է հենց դրանից առաջացավ ցավդ։ Սոնա, Սոնա, ներիր, աղաչում եմ։ (Չոքում է Սոնայի առջև): Այ, ես չոքում եմ առաջդ, ներիր։