Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՆԱ․ Հայրիկ, մի արա, մի արա, վեր կաց։


ՈՍԿԱՆ․ Թող գան, տեսնեն, ծո ամենքին կասեմ, որ դու հրեշտակ ես, իսկ ես չար սատանա։ Սոնա, Սոնա, տուր ինձ ձեռքդ, թող համբուրեմ, դու սուրբ ես։

ՍՈՆԱ․ Վեր կաց, վեր կաց, սուրբը Դանիելն է, գնա նրա մոտ։

ՈՍԿԱՆ․ Չես ուզում։ Լավ, սաներդ կհամբուրեմ։ (Ուզում է համբուրել)։

ՍՈՆԱ․ (Հեռանալով Ոսկանից)։ Մի արա այդպիսի բաներ, վեր կաց։

ՈՍԿԱՆ․ Լավ դու գիտես։ (Վեր է կենում)։ Ես իմ մեղքը խոստովանեցի, թեթևացա։

ՍՈՆԱ․ (Տանջանքով)։ Իմ ցավն ինձ հետ է ծնվել, հայր, դու մեղավոր չես։ Մեղավորը ես եմ, միայն ես։ Հայրիկ երդվիր։

ՈՍԿԱՆ․ Ինչո՞ւ համար, որդի։

ՍՈՆԱ․ Երդվիր, որ մայրիկին չես ծեծիլ։

ՈՍԿԱՆ․ Աստված մի արասցե, որ այսուհետև նրա վրա ձեռ բարձրացնեմ։ Ոչ, ոչ, գիտե՞ս, հիվանդե։

ՍՈՆԱ․ (Վախեցած)։ Հիվա՞նդ է։

ՈՍԿԱՆ․ Հապա, պառկած է անկողնի մեջ։

ՍՈՆԱ․ Եվ դու նրան մենա՞կ ես թողել։ Ոչ ոք չկա՞ նրա մոտ։ Ես կգնամ, իսկույն։ (Ուզում է գնալ)։

ՈՍԿԱՆ․ Սպասիր, մի վախենար, դատարկ բան է։ Մրսել է մի քիչ, կանցնի։ Ես գիտեմ նրա ճարը։ Պետք է նրան զանջաֆիլի չայ խմեցնել։ Բայց մենք շաքար չունինք, մենք ոչինչ չունինք։ Գիտե՞ս, քիչ էր մնում որ փողոցում Մուրադից մի մանեթ խնդրեի։ Ամաչեցի, քեզ հիշեցի, լեզուս կապվեց։

ՍՈՆԱ․ Ամոթ է հայրիկ, նրանից փող մի վերցնիր։ Սպասիր կարծեմ ես մի քիչ ունիմ։ (Տնտղում է արխալուղի գրպանը և դուրս բերում մի քանի արծաթյա դրամներ)։ Վերցրու հայրիկ, վերցրու ու գնա, ինչ որ հարկավոր է գնիր մայրիկի համար։ Գնա՛, նրան մենակ մի թողնիր։

ՈՍԿԱՆ․ (Դրամներն ագահությամբ խլում է Սոնայից ու գրպանը դնում)։ Իսկույն, իսկույն կվազեմ։ (Ուզում է գնալ, կանգ է առնում)։ Շնորհակալ եմ, որդի դու ինձ մի