գամ էլ ազատեցիր.. (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դռները):
ՍՈՆԱ. (Հանկարծ հասկանում է Ոսկանի միտքը): Հայրիկ, կանգ առ։
ՈՍԿԱՆ. Չէ, պետք է շտապել։
ՍՈՆԱ. (Հրամայողաբար): Կանգ առ, ասում եմ. ես քեզ չեմ թողնիր։ Դու խոսք տվեցիր, դու երդվեցիր։ Տուր ինձ այդ փողերը, դու ինձ խաբեցիր։
ՈՍԿԱՆ. (Դառը ծիծաղով): Փողերը, հա՛ հա՛ հա՛, փողերը։ (Դողդոջուն ձայնով): Հինգ օր է ես ծարավ եմ, հինգ օր։
ՍՈՆԱ. (Հուսահատաբար): Հայրիկ, մի արա, ամոթ է, ամոթ է։
ՈՍԿԱՆ. (Դառը հեգնությամբ): Ամոթ է, հա՛ հա՛ հա՛, ամոթ է։ Իհարկե, ամոթ է։ Նո՞ր ես իմանում։ Բաս զո՞ւր չոքեցի առաջդ։ Այն ժամանակ էլ ամոթ էր։ Այժմ էլ, միշտ, ամբողջ կյանքս։ Ես պատի՛վ չունիմ, երեսիս մեռոնը թափվել է, չկա։ Մնաս բարով, էլ չեմ գալ քեզ մոտ։
ՍՈՆԱ. Լսիր, հայրիկ, լսիր, մի րոպե սպասիր, աղաչում եմ։ Աա, դու անուղղելի ես։ Թող այդպես լինի։ (Մոտենում է պատի խորքից մեկին և մի շիշ օղի է վերցնում): Հայրիկ, ահա քեզ օղի, բայց այդ փողերը տուր մայրիկին, աղաչում եմ։
ՈՍԿԱՆ. (Շիշն առնելով Սոնայից, խոթում է արխալուղի գըրպանը): Լավ, մի վախենար, մայրդ հիվանդ չէ, ես սուտ ասացի, ինչ արած, ուրիշ կերպ չէր կարելի։ Դե, մնաս բարով։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 10
ՍՈՆԱ մենակ, հետո ԶԱՌՆԻՇԱՆ և ՋԱՎԱՀԻՐ
ԶԱՌՆԻՇԱՆ. (Գալիս է խորքի աջակողմյան դռներով): Քնեց, թող քնի, դա լավ նշան է։
ՋԱՎԱՀԻՐ. Քնեց տաքության մեջ, տաքության մեջ էլ կըզարթնի։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Սոնային): Հեռացիր աչքիցս։
ՋԱՎԱՀԻՐ. Մեռոն չի մնացել երեսի վրա։ Ահ, մարդ ուզում է ճանկերով խեղդել անպատկառին։ (Սոնայի վրա հարձակվելու շարժումն է անում):