Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՏԵՍԻԼ 13




ԶԱՌՆԻՇԱՆ և ՄԻԱՆՍԱԶ



ՄԻԱՆՍԱԶ. (Գալիս է աջ կողմի դռներով: Փոքրահասակ, այլանդակ կաղ կին է տղամարդի կերպարանքով ու ձևերով: Քիչ կուզ է: Ձայնն առնական է, քիթն արծվային: Հագած է լայն, սև ոտաշոր, լայն սև արխալուղ բազմաթիվ սև կոճակներով: Մեջքին կապած է դեղնագույն գոտի: Գլխին կապած է սև ճութխի որի տակից ցցվել են ալեխառն կոշտ մազերը: Ոտներին սև չուստեր: Գլխին գդակ է սև շալ: Քայլում է աշխույժ, չնայելով կաղությանը: Բայց հենվում է միշտ ձեռնափայտի վրա, որ ծուռ է և տգեղ: Գլուխ է տալիս Զառնիշանին, չուստերը դըռների մոտ սրելով): Ալլահը քեզ պահի։

ԶԱՌՆԻՇԱՆ. (Տեղից չի շարժվում և ոչ էլ ետ նայում): Ալլահը քեզ պահի։

ՄԻԱՆՍԱԶ. (Ձեռները իրարու շփելով, մոտենում է քրսինին): Ցուրտ է, արար աշխարհը սառել է, քարացել։

ԶԱՌՆԻՇԱՆ. Արար աշխարհը գլխիս սևացել է։ Նստի՛ր։

ՄԻԱՆՍԱԶ. (Նստելով քրսինի քով): Տարին չար է, փեարվեարդիգյարը մեզ պահի, պահպանի փորձանքներից։

ԶԱՌՆԻՇԱՆ. (Հանդիսավոր տոնով): Ամե՜ն։ (Քթախոտ է առաջարկում Միանսազին):

ՄԻԱՆՍԱԶ. (Քթախոտ վերցնելով): Իսան եկավ Հալալաթից, խաբար բերավ ղիամաթից։ (Քթախոտ է քաշում):

ԶԱՌՆԻՇԱՆ. Որդիս օր֊օրի վրա հալվում է մոմի պես, թոռնս տաքության մեջ այրվում է, ես քունս կորցրել եմ, մեծ որդուս գործերը տակն ու վրա են եղել մեծ հարսս խելքը կորցնում է։ Չար դևն անբախտություն անբախտության հետևից է բերում մեր գլխին։ Եթե կարող ես փրկիր մեզ, չես կարող, ասա, որ ուրիշ ճար գտնենք։

ՄԻԱՆՍԱԶ. (Մատը հանդիսավոր բարձրացնելով դեպի վեր): Համբերություն, համբերություն, համբերություն։

ԶԱՌՆԻՇԱՆ. Համբերություն, մինչև ե՞րբ։ Ահա մի ամիս է գալիս գնում ես, չես կարողանում դևը դուրս բերել նրա միջից։