ՄԻԱՆՍԱԶ. Սպասիր։
ՍՈՆԱ. (Կանգ է առնում, աշխատելով խույս տալ Միանսազի հայացքներից):
ՄԻԱՆՍԱԶ. (Կանգնում է Սոնայի առջև և սուր հայացքով նայում երեսին): Մտիկ արա աչքերիս:
ՍՈՆԱ. Թող ինձ, ես վախենում եմ քեզանից։ (Ուզում է հեռանալ):
ՋԱՎԱՀԻՐ. (Բռնելով Սոնային): Ո՞ւր ես փախչում, արա ինչ որ հրամայում են։
ՄԻԱՆՍԱԶ. (Դուրս է բերում գրպանից կաշվի կտորը և հանդիսավոր բարձրացնում օդի մեջ): Մտիկ արա աչքերիս։
ՍՈՆԱ. (Գլուխը թույլ բարձրացնում է, նայում է Միանսազի աչքերին, ցնցվում և անշարժ մնում):
ՋԱՎԱՀԻՐ. (Մի կողմ քաշված, ուշադիր դիտում է տեսարանը):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Ջավահիրի հակառակ կողմում կանգնած, ուշադիր դիտում է տեսարանը):
ՄԻԱՆՍԱԶ. Լա Իլահե Իլլալլահ։ (Կաշվի կտորը երեք անգամ զարկում է Սոնայի կրծքին): Ագգեթ, Իոնան, Սալաս։ Ջին, հանուն ալլահի, քեզ դուրս եմ կանչում։ Դո՛ւրս, դո՛ւրս, դո՛ւրս քո բնից, քո տեղը կրակն է։
ՍՈՆԱ. (Թույլ): Մամա, մամա, նա տանջում է ինձ։
ՄԻԱՆՍԱԶ. Պիտի տանջվիս, պիտի տանջվիս, պիտի տանջվիս, դուրս, անիծյալ, դուրս։ (Սկսում է պտույտներ անել Սոնայի շուրջը): Հակկի վեյ, հակկի վեյ, հակկի վեյ, խուդեի, բեահուրի, չիրքքի խամ, էահուդի, բիսլի հիաթ, հակկի վեյ, հակկի վեյ...
ՍՈՆԱ. Չեմ կարող, չեմ կարող։
ՋԱՎԱՀԻՐ. Պիտի կարողանաս, անիծված:
ՄԻԱՆՍԱԶ. (Կանգ է առնում, սուր հայացքով նայում է Սոնայի աչքերին): Դո՛ւրս եկ, դուրս եկ: Ես տեսնում եմ գլուխդ, ես տեսնում եմ պոզերդ, ես տեսնում եմ սուր–սուր աչքերդ:
ՍՈՆԱ. (Տանջանքով): Մա՛մա, մա՛մա։
ՄԻԱՆՍԱԶ. Հակկի վեյ, հակկի վեյ։ (Երկու անգամ ևս պտտում է Սոնայի շուրջը):