Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՆԱ. Մա՛մա, մա՛մա:


ԶԱՌՆԻՇԱՆ. (Իր կրծքին զարկելով, հանդիսավոր): Անե՜ծք քո մորը:

ՋԱՎԱՀԻՐ. (Իր կրծքին զարկելով, հանդիսավոր): Անե՜ծք քո մորը։

ՄԻԱՆՍԱԶ. (Կանգ է առնում Սոնայի դեմ, կռանում է ցած, հետո կամաց-կամաց բարձրանում է. շարունակ նայելով Սոնայի աչքերին և կարելույն չափ աշխատելով իր դեմքն աղավաղել, որպեսզի սարսափեցնե Սոնային): Հակկի վեյ, հակկի վեյ, հակկի վեյ։

ՍՈՆԱ. Կարմիր, կարմիր, եկա՜վ։ (Ճչում է): Ա՜հ։ (Ընկնում է քրսինի մոտ երեսնիվար):

ՄԻԱՆՍԱԶ. (Հրճվանքով): Ջի՜նը, ջի՜նը, տեսնում եք, ես նրան հաղթեցի։ (Շտապով գրպանից դուրս է բերում մի 7 դանակ և շրջան անելով Սոնայի մարմնի շուրջը, ցցում է հատակի մեջ):

ԶԱՌՆԻՇԱՆ. (Երեսը ծածկելով ձեռներով): Ազատեցեք, որդուս, ազատեցեք մեզ։

ՋԱՎԱՀԻՐ. Մենք ուրիշ ազատություն չունինք։ (Միանսազին): Քավթառ, վերջացրու։ (Բռնում է Սոնայի ձեռներից, աշխատում է նրա մարմինը քաշել, գցել քրսինի տակ: Չի կարողանում): Ահ, չեմ կարող, ուժս չի պատում։ Քավթառ, օգնիր։ (Նշան է անում):

ՄԻԱՆՍԱԶ. (Շտապով բռնում է Սոնայի ձեռներից, քաշում ու գցում է քրսինի տակ, վերմակն ու գորգը ծածկում է ու վրեն կանգնում):

ՋԱՎԱՀԻՐ. (Կանգնում է քրսինի հակառակ կողմում գորգի և վերմակի վրա, արգելելով, որ օդ մտնի քրսինի տակ):

ՍՈՆԱ. (Քրսինի տակից արձակում է խուլ ճիչ երկու անգամ): Աա՜, աա՜։

ԶԱՌՆԻՇԱՆ. (Երեսը բաց անելով, սարսափած): Ի՜նչ արի՛ք, ի՜նչ արիք։

ՄԻԱՆՍԱԶ. Վեաս սալամ, շյուդ թամամ։

ՋԱՎԱՀԻՐ. Պրծա՞վ։