կայտառ, թեև, ճերմակ մազերով ու մորուքով: Հագած է լայն ու երկայն պիջակ, լայն պանթալոն, նեղ եզրերով. ոտներին եվրոպական կոշիկներ, գլխին թուրքական կարմիր ֆես): Նա միշտ խաբել է մեզ, էլի կխաբե։
ԴԱՆԻԵԼ. (Ներս է մտնում Միհրդատից հետո: 39 տարեկան տղամարդ է: Միհրդատի պես հագնված: Երեսը սափրած է): Բայց մենք ուրիշ միջոց չունինք, պետք կհավատանք կառավարությանը։ Մեր ճակատագիրն է լսել ու խոնարհվել։ Խեղճեր ենք մենք։
ԳԱԼՈ. Խեղճի ձայնը շատ թույլ է աստուծո լսելիքին հասնելու համար։
ՄԻՀՐԴԱՏ. (Ցնցվելով): Աա՞, ի՞նչ, այդ ո՞վ էր։ Դո՞ւ։ (Դառնում է Սաթենիկին): Ի՞նչ գործ ունի նա իմ տանը։
(Լռություն):
ՄԻՀՐԴԱՏ. (Գալոյին): Հարցնում եմ, ինչո՞ւ համար ես եկել։
ԳԱԼՈ. (Չի պատասխանում):
ՍԱԹԵՆԻԿ. Եկել է յուր մորը տեսնելու։
ՄԻՀՐԴԱՏ. (Հեգնորեն): Այո՞։ Լավ ես ասում։ Հավատում եմ։ (Գալոյին): Հեռացիր աչքիցս, եթե բան չունիս ասելու։
ԳԱԼՈ. Ունիմ բան ասելու և շատ լուրջ բան։
ՄԻՀՐԴԱՏ. Հապա, շուտ և կարճ։
ԳԱԼՈ. Թուրք կառավարությունը վճռել է բնաջինջ անել ամբողջ հայությունը։
ԱՄԵՆՔԸ. (Ցնցվում են):
ՍԱԹԵՆԻԿ. Ողորմած աստված։
ԴԱՆԻԵԼ. Ի՞նչ պատճառով։
ԳԱԼՈ. Ձեր դավաճանության պատճառով։
ԴԱՆԻԵԼ. Մենք դավաճաննե՞ր։
ԳԱԼՈ. Այո՛. թուրք կառավարությունը հայ ժողովրդի համակըրությունը Ռուսիային՝ համարում է քաղաքական դավաճանություն։
ՄԻՀՐԴԱՏ. (Սրտմտությամբ): Սուտ ես ասում, քուրդ, այդպիսի բան չկա։ Դու ինքդ ես հնարել։