Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱԼՈ. (Հանգիստ դուրս է բերում գրպանից մի թուղթ թուրքերեն գրված և տալիս է Դանիելին): Կարդա՛։


ԴԱՆԻԵԼ. Ի՞նչ է այդ։ (Թուղթը վերցնում ու կարդում է):

ԳԱԼՈ. Կենտրոնական կառավարության մի գաղտնի հրովարտակը, որը ես ձեռք եմ բերել իմ քուրդ բարեկամների միջոցով։

ՄԻՀՐԴԱՏ. (Դանիելին): Բարձր կարդա։

ԴԱՆԻԵԼ. (Հուզված թղթի ընթերցումից): Այդ անարդար է, անաստված, սոսկալի։ (Թուղթը տալիս է Միհրդատին): Ինքդ կարդա։

ՍԱԹԵՆԻԿ. (Գրգռված): Բայց ի՞նչ է գրված այդտեղ, ասելո՞ւ ես, թե՞ չէ։

ԴԱՆԻԵԼ. Կենտրոնական կառավարությունը հրամայում է տեղական վարչություններին՝ բոլոր հայ երիտասարդներին ձերբակալել և աքսորել Միջագետք, գրավելով նրանց գույքը։

ԳԱԼՈ. Աքսորել ճանապարհին կոտորելու համար։

ՄԻՀՐԴԱՏ. Այդ մասին այս թղթի մեջ ասված չէ:

ԳԱԼՈ. Այդ հասկացվում է ինքնըստինքյան։

ԴԱՆԻԵԼ. Արյունս սառչում է երակներիս մեջ։

ՍԱԹԵՆԻԿ. Ողորմած աստված, դո՛ւ մեզ փրկես։

ՄԻՀՐԴԱՏ. (Կատաղած): Բայզուշ, դու եկել ես մեր հանգիստը խափանելու։ Կորիր, քուրդ, ես քեզ չեմ հավատում։ (Թուղթը ձգում է հատակի վրա):

ՍԱԹԵՆԻԿ. Միհրդատ, Գալոն սուտ խոսել չգիտե։

ԴՐՍԻՑ. (Լսվում է երաժշտության ձայն, նվագում են օսմանյան քայլերգ: Ձայնը գալիս է հեռվից, հետզհետե մոտենում և, մի քանի րոպե տևելով, ընդհատվում է):

ԴԱՆԻԵԼ. (Շտապով մոտենալով լուսամուտներից մեկին): Այդ ի՞նչ է, զո՞րք։

ԳԱԼՈ. Աբգուրահման փաշայի զորաբաժինն է։ Գալիս է պատերազմի դաշտն անցնելու համար։ Պատրաստվեցեք անախորժ հյուրերին ընդունելու: (Թուղթը հատակից վերցնելով, գնում է աջ կողմի դռներով):


ԴԱՆԻԵԼ. (Գալոյին հետևելով): Գնանք, նայենք: