Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գազան, բռնել ես նրա ոտիկներից և ուզում ես շպրտել լուսամուտով փողոց ձյունի ու բուքի մեջ, ինչպես մի կատվի ձագուկ: Ես օձի նման փաթաթվեցի ոտներիդ ու աղի արցունքներով պաղատեցի քեզ խնայել եթե ոչ նրան, եթե ոչ ինձ, գոնե քո անունը, որ մյուս օրը բերնեբերան անիծվեր իբրև որդեսպանի անուն։ Դու կանգ առար, նայեցիր ինձ խելացնոր աչքերով և իմ զավակի մարմինը զարկեցիր իմ գլխին։ Այդպես ես կարողացա ազատել նրան և քեզ։ Միհրդատ, Միհրդատ, բավական է, որքան ես տանջվել եմ այս քսաներեք տարվա մեջ։ Բավական է. տեսնում ես, արդեն ծերացել եմ։ Դադարիր, վերջապես, հալածել իմ զավակին։ Հավատա, Գալոն լավ տղա է, ազնիվ հոգի։ Երդվում եմ Տիրանի արևով, որ նա իր կյանքը չի խնայի քեզ համար։ Տեսնո՜ւմ ես, փորձանքների օրեր են սպասում մեզ, և նա հեռավոր երկրներից եկել է մեզ ազատելու, կամ մեզ հետ մեռնելու։ Եթե ունենք մի պաշտպան, հավատա, որ դա միայն Գալոն է իր թուրք ու քուրդ բարեկամների շնորհիվ։


ՄԻՀՐԴԱՏ. Ես բացեիբաց հրաժարվում եմ նրա պաշտպանությունից։ Ես գիտեմ՝ ում համար է եկել նա։ Ասա նրան, որ ես իմ ձեռքով կխեղդեմ Նիգարին ու չեմ թողնի նրա կինը դառնալու։

ՍԱԹԵՆԻԿ. Ի՜նչ իրավունքով։ Նիգարը քո աղջիկը չէ։

ՄԻՀՐԴԱՏ. Ես փոխարինում եմ նրա հորը, ինձ է հանձնել իմ եղբայրը նրա վիճակը։

ՍԱԹԵՆԻԿ. Իսկ եթե Նիգարը չլսե քեզ, սիրե Գալոյի՜ն։

ՄԻՀՐԴԱՏ. Այն ժամանակ ես նրան էլ դուրս կանեմ իմ տնից առանց շապկի։

ՍԱԹԵՆԻԿ. Կամակոր ես, Միհրդատ, դաժան և չար։

ՄԻՀՐԴԱՏ. Ասա, ինչ ուզում ես, միայն մահը կարող է ազատել այդ շան լակոտին իմ ատելությունից։ (Գնում է խորքի դռներով):