ՏԵՍԻԼ 7
ՍԱԹԵՆԻԿ մենակ, հետո ՆԻԳԱՐ
ՍԱԹԵՆԻԿ. (Թուլացած նստում Է թախտի վրա և, գլուխը բարձի վրա դնելով, հեկեկում է):
ՆԻԳԱՐ. (Գալիս է աշխույժ քայլերով խորքի դռներով Միրհդատի հեռանալուց բավական անցած: Սիրուն դեմքով, սիրուն կազմվածքով 18 — 19 տարեկան աղջիկ է: Հագած է եվրոպական շրջազգեստ և կոշիկներ — գլուխը ծածկված է մետաքսյա թաշկինակով): Հորքուր, գիտե՞ս, Նուգզարի հետ բարձրացել էինք մեր տան տանիքն ու այնտեղից նայում էինք զորքին։ Ինչ շատ էին։ Տեր աստված, գալիս էին ու գալիս, վերջ չկար Եփրատի պես։ Բայց այդ ի՞նչ է, դու լալի՞ս էիր։ Ի՞նչ է պատահել։ (Մոտենում է Սաթենիկին և գրկում):
ՍԱԹԵՆԻԿ. Ոչինչ, զավակս, ոչինչ։ (Աչքերը սրբելով)։
ՆԻԳԱՐ. Ոչ հորքուր, դու լալիս էիր, ես տեսա։ Աա, պատճառը գիտեմ. Գալոն եկել է ու հորեղբայրս քեզ հետ էլի կռվել է նրա պատճառով։ Տեսա՞ր, որ գիտեմ։
ՍԱԹԵՆԻԿ. Հորեղբայրդ կարծում է, որ Գալոն քեզ համար է եկել։
ՆԻԳԱՐ. Որ այդպես է, ես Գալոյի հետ չեմ տեսնվիլ։
ՍԱԹԵՆԻԿ. (Նիգարին գրկելով): Ասա ինձ, Նիգար, սիրո՞ւմ ես ինձ։
ՆԻԳԱՐ. Հորքուր, այդ ի՞նչ հարց է։ Մի՞թե չես զգում, որ ես քեզ սիրում եմ հարազատ մորս չափ։ Չէ՞ որ ես մայր չունեմ և ինքդ ես ասում, որ դու ես իմ մայրը։
ՍԱԹԵՆԻԿ. Որ այդպես է, պատասխանիր ինձ առանց քաշվելու, հավանո՞ւմ ես Գալոյին։
ՆԻԳԱՐ. (Չի պատասխանում, երեսը դարձնում է Սաթենիկից, շփոթվելով ու կարմրելով):
ՍԱԹԵՆԻԿ. Մի ամաչիր, աղջիկս, ասա․ կկամենայի՞ր նրա հետ ամուսնանալ։
ՆԻԳԱՐ. Հորքուր, բավական է։
ՍԱԹԵՆԻԿ․ (Վշտացած): Այդպե՞ս ես սիրում ինձ, Նիգար։