այդպե՞ս (Նիգարին բաց է թողնում յուր գրկից): Լավ, թող ինձ։
ՆԻԳԱՐ. Լավ, մի նեղանա, հորքուր։ Գալոն լավ տղան է, շատ լավ, բայց ես չէի կամենա, որ նա ինձ սիրեր։
ՍԱԹԵՆԻԿ. Ինչո՜ւ։
ՆԻԳԱՐ. Չգիտեմ» հորքուր, թողնենք:
ՍԱԹԵՆԻԿ. Լավ, թողնենք։
ՆԻԳԱՐ. նեղացա՜ր, հորքուր։
ՍԱԹԵՆԻԿ. Ոչ, ոչ։ Երևի աստծու կամքն է, որ խեղճ տղան ամենքից ատվի։
ՆԻԳԱՐ. Ես չասացի, որ Գալոյին ատում եմ, հորքուր։
ՍԱԹԵՆԻԿ. Շնորհակալ եմ, այդքանն էլ բավական է նրա համար։
ՆԻԳԱՐ. (Մոտենում է ու նորից գրկում Սաթենիկին): Հորքուր, դու ինձ վաղուց խոստացել ես պատմել քո գլխին եկածը։ Պատմիր, հորքուր, ինչպե՞ս պատահեց այդ։
ՍԱԹԵՆԻԿ. էհ, զավակս, ինչո՞ւ ես քրքրում իմ հին վերքերը, առանց այդ էլ նրանք մորմոքում են։
ՆԻԳԱՐ. (Վշտացած): Բայց դու ինձ խոստացել ես։
ՍԱԹԵՆԻԿ. Լավ, լսիր։ (Հառաչում է): Ես քո հասակի աղջիկ էի, երբ ծնողներս ինձ նշանեցին հորեղբորդ հետ։ Սասունի լեռներւմ բուսած ծաղիկներից մեկն էի. քեզ նըման սիրուն, քեզ նման աշխույժ, ուրախ, վառվռուն։ Բայց, ավա՜ղ, մի օր ինձ վրա հարձակվեցին գիշակերները, որսացին ու տարան-ձգեցին գազանի որջը:
ՆԻԳԱՐ. Պատմիր, հորքուր, պատմիր, շահեկան է։
ՍԱԹԵՆԻԿ. Ահ, չարաբաստիկ գիշեր, կմոռանա՞մ արդյոք մի օր։ Ես քնած էի ու երազում էի։ Տեսնում էի մեր ծաղկազարդ ձորերը, դալարազարդ բլուրները, լսում էի առուների կարկաչյունը, թռչունների երգեհոնը, իմ հասակակից աղջիկների ծիծաղն ու քրքիջը: Խաղում էինք խոտերի մեջ, թռչկոտում, ինչպես կաքավներ ու մեր ձայները խառնում բնության երգերին: (Հառաչում է):
ՆԻԳԱՐ. Հորքուր, ինչ լավ ես պատմում, ինչ սիրուն, շարունակիր.
ՍԱԹԵՆԻԿ. Հանկարծ մի սուր ճիչ արթնացրեց ինձ։ Մայրս էր: