Բաց արի աչքերս և ճրագի աղոտ լույսով տեսա նրանց դիվային դեմքերը։ Շատ էին։ Արյունս սառավ երակներիս մեջ, լեզուս կաշկանդվեց. մայրս չոքել էր հրոսակների ոտքերի տակ ու, մազերը փետտելով, կուրծքը կեղեքելով, աղերսում էր նրանց՝ տունը կողոպտել, ավերել, այրել, սպանել անգամ իրան, միայն ինձ չդիպչել։ Բայց սրիկաներն ինձ համար էին եկել։ Փորձեցի դուրս վազել, թաքնվել, ոտներս չհնազանդվեցին ինձ։ Ուշաթափվեցի ու ընկա հատակի. վրա կիսամերկ։
ՆԻԳԱՐ. (Զգացված): Խեղճ հորքուր. խեղճ հորքուր։ Հետո՞, հետո՞։
ՍԱԹԵՆԻԿ. (Հուզումը գազելով): Ուշքի եկա այն ժամանակ, երբ ինձ մի նժույգի վրա նստեցրած ու ամուր գրկած՝ տանում էին լեռները։ Խավար էր, ցուրտ։ Վշտից, ամոթից ու սարսափից ձայնս կտրվել էր, գոռալ չէի կարողանում։ Եվ այդպես կիսամեռ տարան ինձ ու ձգեցին Ջեմալ֊բեյի վրանը։
ՆԻԳԱՐ. Սարսափելի է, սոսկալի։ Քանի՞ օր մնացիր Ջեմալի մոտ։
ՍԱԹԵՆԻԿ. Յոթանասունհինգ օր, երկու ու կես ամիս։
ՆԻԳԱՐ. Ահ։
ՍԱԹԵՆԻԿ. Ամեն գիշեր Ջեմալն ինձ տեղափոխում էր, վախենալով հորեղբորդ վրեժից։ Իսկ հորեղբայրդ այդ ժամանակ Կովկասում, էր։ Լուր ստանալով իմ մասին, նա շտապում է Սասուն և մի օր իր ընկերների ու քո հոր հետ հարձակվում է Ջեմալի վրանների վրա, կոտորում է նրա ծառաներից մի քանիսին, մյուսներին փախցնում ու, Ջեմալին ծանր վիրավորելով, ինձ ազատում է։
ՆԻԳԱՐ. (Ոգևորված): Ահ, կեցցե հորեղբայրս, կեցցե հայրս: Բայց խեղճ հորքուր, դու երկուս ու կես ամիս տանջվել ես։
ՍԱԹԵՆԻԿ. (Դառը հեգնությամբ): Երկու ու կես ամիս։ Ոչ, զավակս, քսաներեք տարի է որ ես տանջվում եմ ու տառապում։ (Վեր է կենում): Ահ, բավական է, մեր կյանքն անցավ ստրկության ու անարգանքների մեջ. երանի դուք, նորերդ ավելի բախտավոր լինեք։