Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ ազատամիտ կոչված Ժեռն թուրքերի օրերով: Ո՞ւր է հայրիկը:


ՄԻՀՐԴԱՏ. (Գալիս է խորքի դռներով): Այստեղ եմ:


ՏԵՍԻԼ 10




ՆՈՒՅՆՔ և ՄԻՀՐԴԱՏ



ՍԱԹԵՆԻԿ. (Միհրդատ): Դու գիտե՞ս, ինչ է պատահել:

ՄԻՀՐԴԱՏ. Գիտեմ, լուսամուտից նայում էի։ (Տիրանին): Ցավում եմ, որ այս խառը օերին դու արտասահմանից վերադարձար։ Քո այստեղ լինելը շատ փորձանքներ կարող է բերել մեր գլխին:

ՏԻՐԱՆ. Կարող ես հանգիստ լինել, ես գնում եմ:

ՍԱԹԵՆԻԿ. Ո՞ւր ես գնում:

ՏԻՐԱՆ. Կովկաս:

ՆԻԳԱՐ. Երևի հայրիկիս մոտ։

ՏԻՐԱՆ. Այո , Նիգար, գնում եմ հատկապես նրան հանդիպելու։

ՄԻՀՐԴԱՏ. Ինչո՞ւ համար:

ՏԻՐԱՆ. Նրա հետ միասին կռվելու համար:

ԴԱՆԻԵԼ. Ո՞ւմ դեմ:

ՏԻՐԱՆ. Թուրքերի:

ՄԻՀՐԴԱՏ. Ահա թե ինչ:

ՏԻՐԱՆ. Մի խումբ ընկերներ վճռել ենք անցնել ռուսաց զորաբանակ: Մենք կարծում ենք, որ ներկա պատերազմին բոլոր հայերը պարտավոր են ոտքի կանգնել Օսմանյան պետության կործանումը փութացնելու համար:

ԴԱՆԻԵԼ. Վախենում եմ, որ Օսմանյան պետությոնը կործանելու փոխարեն մեզ կործանեք:

ՏԻՐԱՆ. Ներիր, հորեղբայր, ժամանակ է, որ քո հայացքի տեր մարդիկ լռեն: Այժմ զենքն է խոսում:

ԴԱՆԻԵԼ. Ոչ, զենքը չէ, որ պիտի փրկե հայ ժողովրդին, այլ խոհեմությունը։

ՏԻՐԱՆ. Հայի խոհեմությունը մինչև այսօր եղել է աղոթքը, աղերսանքը, արցունքը.