Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻՀՐԴԱՏ. Այդ բոլորը լավ, բայց ո՞րն է այն ուժը, որի վրա հենվում է ձեր ապստամբությունը։


ՏԻՐԱՆ. Մեր հավատը ու մեր հույսը։

ԴԱՆԻԵԼ. Ո՞ւմ վրա է ձեր հույսն ու հավատը։

ՏԻՐԱՆ. Հզոր Ռուսիայի երկգլխանի արծվի վրա։

ՍԱԹԵՆԻԿ. Ե՞րբ ես գնում։

ՏԻՐԱՆ. Այս երեկո։

ՆԻԳԱՐ. Ահ, հայրիկիս նամակ կգրեմ։

ԴԱՆԻԵԼ. Բոլոր ճանապարհները դեպի Կովկաս բռնված են քուրդերով ու թուրք զորքերով։

ՏԻՐԱՆ. Մենք ունենք մի հմուտ առաջնորդ, որ գաղտնի ուղիներով մեզ կտանի՝ ուր հարկավոր է։

ՄԻՀՐԴԱՏ. Իսկ եթե թուրքերը բռնեն ձեզ։

ԴԱՆԻԵԼ. Առանց երկար մտածելու՝ հրացանի կբռնեն։

ՆԻԳԱՐ. (Վախեցած): Տիրան, լսեցի՞ր։

ՍԱԹԵՆԻԿ. Մի գնար, որդի. աղաչում եմ։

ՏԻՐԱՆ. Մայր, քո օրհնությունը կպահպանե ինձ բոլոր փորձանքներից։

ՆԻԳԱՐ. Օրհնիր Տիրանին, հորքուր, ես կաղոթեմ նրա համար։

ՄԻՀՐԴԱՏ. Տղաս, եթե ես համոզված լինեի, որ ներկա պատերազմը մեզ համար ազատություն է բերելու, քեզնից առաջ զենք կվերցնեի։

ՏԻՐԱՆ. Հայր նախ պիտի զոհել, ապա վարձատրություն սպասել։ Հավատանք և հուսանք։

ԴԱՆԻԵԼ. Երանի հավատացյալներին։ Ես գնացի։ (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դռները):

ՄԻՀՐԴԱՏ. Ո՞ւր։

ԴԱՆԻԵԼ. Շուկա։ Այսօր քուրդերը փող են բերելու։ (Գնում է աջ կողմի դռներով):

ՄԻՀՐԴԱՏ. Սպասիր, ես էլ գալիս եմ։ Պետք է քուրդերի հետ ամեն հաշիվ վերջացնել։ (Գնում է աջ կողմի դռներով):

ՏԻՐԱՆ. Մայրիկ, ես քաղցած եմ։

ՍԱԹԵՆԻԿ. Ամենքը նախաճաշ են արել, բացի քեզնից։ Գնանք։ (Գնում է խորքի դռներով):