Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱԼՈ. Ես քո հորեղբոր ապօրինի զավակն եմ, քո հայրը հայ է, իմ հայրը՝ քուրդ։


ՆԻԳԱՐ. Այո, բայց քո հարազատ մայրն իմ հարազատ հորեղբոր կին է։

ԳԱԼՈ. Իմ մայրը դեմ չէ, որ դու իմ կինը դառնաս։

ՆԻԳԱՐ. (Շփոթվելով): Չգիտեմ, թող ինձ, ես չեմ կարող ոչինչ որոշել:

ԳԱԼՈ. Որովհետև դու արդեն ամեն բան որոշած ունես:

ՆԻԳԱՐ. Ի՞նչ ես կամենում ասել դրանով։

ԳԱԼՈ. Այն, որ դու սիրում ես Տիրանին։

ՆԻԳԱՐ. (Ցնցվելով): Ի՞նչ։ (Նայում է Գալոյին խորին հանդիմանությամբ):

ԳԱԼՈ. (Երեսը դարձնում է):

ՆԻԳԱՐ. Ամոթ է, Գալո, ամոթ է։

ԳԱԼՈ. Երանի ես սխալված լինեմ։

ՆԻԳԱՐ. Լավ, հեռացիր, թող որ նամակս վերջացնեմ։ (Ուզում է նստել գրասեղանի քով, բայց Միհրդատի ձայնը լսելով, ցնցվում է, չի նստում):

ԳԱԼՈ. (Մեկուսի): Ես նրան վիրավորեցի զուր։


ՏԵՍԻԼ 12




ՆՈԻՅՆՔ և ՄԻՀՐԴԱՏ, ԱՆԹԱՐ-ԲԵՅ ու մի թուրք զինվոր



ՄԻՀՐԴԱՏ. (Դրսից): Ես երջանիկ եմ, որ մութասարիֆն իմ տունն է ցույց տվել փաշային ընդունելու համար։ (Գալիս է աջ կողմի դռնով, իրանից առաջ բաց թողնելով Անթար- բեյին): Բայց չեմ կարծում, որ դուք այս հավաբունն արժանի գտնեք Չաթալջայի առյուծին ընդունելու համար։ (Տեսնելով Գալոյին, մի բարկացկոտ հայացք է ձգում Նիգարի վրա):

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Ներս է մտնում աջ կողմի դռնով Միհրդատից առաջ, գլուխը գոռոզաբար բարձր: Երիտասարդը թուրք կավալերիստ է, գեղեցիկ դեմքով, բայց վատ շարժուձևերով: Ձեռքում ունի մտրակ, որ շարունակ խաղացնում է, մերթ ընդ մերթ զակելով յուր երկայնավիզ կոշիկներին: