Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որի վրա դրված են մի քանի փոքրիկ գավաթներ՝ սուրճով լի):


ԳԱԼՈ. Բեյ, թույլ տվեք ինձ պարզել իմ եղբոր միտքը։ Նա ուզում է ասել, որ մենք քրիստոնաներս, լինելով մուսուրման պետության հավատարիմ հպատակներ, պարտավոր ենք հարգել նախ և առաջ մուսուրման ավանդությունները։ Այսօր, օրինակ, ինչպես դուք արգելում եք ձեր կանանց երևալ մեզ, այնպես և մենք պարտավոր ենք արգելել մեր կանանց ձեզ երևալու։

ՄԻՀՐԴԱՏ. (Մատուցարանը բռնելով Անթարի առջև): Բեյ, հրամայեցեք։

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Ուշադրություն չդարձնելով Միհրդատի վրա): Հայի տղա, շատ ճարպիկ խոսեցիր եղբորդ պաշտպանելու համար։ (Միհրդատին արհամարհանքով): Չեմ ուզում։ (Վեր է կենում):

ՏԵՍԻԼ 17

ՆՈԻՅՆՔ և ԴԱՆԻԵԼ, հետո ՍԱԹԵՆԻԿ և ՆԻԳԱՐ

ԴԱՆԻԵԼ. (Գալիս է աջ կողմի դռներով և, Անթար-բեյն տեսնելով, ցնցվում ու մնում է դռների առջև):


ՍԱԹԵՆԻԿ. (Գալիս է խորքի դռներով):

ՆԻԳԱՐ. (Երևում Է խորքի դռների մեջ և կանգ է առնում այնտեղ):

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Կատաղի Տիրանին): Ստրուկ հայ դուք ռուսական լրտես եք։

ԱՄԵՆՔԸ. (Ցնցվում են):

ԴԱՆԻԵԼ. (Մեկուսի): Աստված իմ, մենք կորած ենք։

ՏԻՐԱՆ. Չեմ վախենալ և այդ անունից, եթե կամենաք։

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Աա, չե՞ք վախենալ։ Եվ դուք մինչև այսօր ազատ շրջո՞ւմ եք։ Ինչպես երևում է, այստեղի ժանդարմերիան շատ էլ պարտաճանաչ չէ։ (Մոտենալով Տիրանին՝ մտրակի ծայրը դնում է նրա ուսի վրա): Հանուն օրենքի ես ձեզ ձերբակալում եմ։ (Ընդհանուր շփոթություն):