Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻՀՐԴԱՏ. Բեյ, մի անեք այդ, աղաչում եմ։


ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Ոչ, էֆենդիմ, նախ ձեր տունը պիտի մաքրել վտանգներից, ապա միայն փաշային բերել այստեղ։ Ես գլխովս եմ պատասխանատու նրա կյանքի համար։ (Տիրանին կատաղաբար): Առաջ ընկիր, լակոտ։

ՏԻՐԱՆ. (Հազիվ զսպելով իրեն): Ես իմ կամքով չեմ գալ, տարեք ինձ ուժով, եթե կարող եք։

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Աա, դու դիմադրո՞ւմ ես օրենքին։ Ես գիտեմ ինչպես քեզ ստիպել։ (Ուզում է թուրը մերկացնել):

ՍԱԹԵՆԻԿ. (Սարսափած): Աման, աստված։

ՆԻԳԱՐ. (Վազելով դեպի Գալոն): Օգնիր Գալո, նա կսպանե Տիրանին։

ԳԱԼՈ. (Հանգիստ): Մի վախենար։ (Անթար-բեյին)։ Թույլ տվեք ինձ մի խոսք ասել, հետո արեք, ինչ կամենաք։

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Տեսնելով, որ Տիրանը ձեռքը տարել է դեպի ատրճանակը, զսպում է իրան), ասա, ստրուկ։

ԳԱԼՈ. Բեյ, մեր հայրենիքը վտանգի մեջ է, թշնամին մտել է մեր երկիրը և ավերումներ է գործում։ Բեյ, մի՞թե ժամանակ է ներքին խռովություններով զբաղվելու: Մի՞թե վայել է ձեզ նման մի ասպետի կատարել ոստիկանի նվաստացուցիչ պաշտոն։ Մի՞թե այն ձեռքը, որ պատրաստվում է պատերազմի դաշտում գերիներ վերցնելու, այստեղ, այս չորս պատերի մեջ պիտի ձերբակալ մի ինչ-որ խելառ պատանու, որ ոչ իր արածը գիտե, ոչ խոսածը։ Բեյ, մի ստորացնեք ձեր զինվորական համազգեստը և թողեք, որ ոստիկանները կատարեն իրենց գործը։

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Ձեռքը հեռացնելով թրից): Տղա, դու դարձյալ վատ չխոսեցիր։ Այո, Աբդուրահման փաշայի թիկնապահին վայել չէ իր ձեռները կեղտոտել մի լակոտի վրա։ Ես գործը կհանձնեմ ոստիկանությանը։ (Տիրանին): Եվ մենք կհանդիպենք այնտեղ։ (Գնում է աջ կողմի դռներով):

ԳԱԼՈ. (Ուղեկցում է Անթար-բեյին, նրա հետ գնալով աջ կողմի դռներով):