Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ 18

ՆՈՒՅՆՔ առանց ԱՆԹԱՐ-ԲԵՅԻ և ԳԱԼՈՑԻ


ՄԻՀՐԴԱՏ. (Անթար-բեյին ուղեկցում է մինչև աջ կողմի դռները ու վերադառնում): Փախիր այս վայրկյանիս, փախիր, ապա թե ոչ կորած ես։ ՍԱԹԵՆԻԿ. Գնա, որդի, գնա. այժմ ես էլ չեմ ուզում որ մնաս: ՆԻԳԱՐ. Ահ, նամակս: (Նստում է գրասեղանի քով և նամակն ավարտում): ՄԻՀՐԴԱՏ. (Համբուրվելով Տիրանի հետ): Գնա, որդի, և ասա ռուսին, որ Թուրքիայի ճնշված ու հալածված քրիստոնեությունը նրանից է սպասում իր ազատությունը։ Ասա ռուս զորաբանակին, որ մեր գոմերն ու շտեմարանները բաց են նրա համար, ինչպես և մեր սրտերը։ Մենք ոչինչ չենք խնայի նրա համար, ոչ կյանք և ոչ գույք, միայն թե գան և տիրեն մեր երկրին։ ՍԱԹԵՆԻԿ. Եվ ոչինչ չենք պահանջի փոխարենը, բացի մեր զավակների կյանքի և մեր պատվի ապահովությունից: (Համբուրվում է Տիրանի հետ և արտասվում է):

ՏԵՍԻԼ 19

ՆՈԻՅՆՔ և ԳԱԼՈ, nր վերադառնում է խորքի դռներով

ԳԱԼՈ. Ոստիկաններն իսկույն կգան, շտապիր։ Իմ բարեկամ քուրդերից մեկը սպասում է քեզ փողոցում։ Նա քեզ կթաքցնե մի ապահով տեղ մինչև երեկո, իսկ մութն ընկնելիս կարող ես քաղաքից դուրս ելնել։ Հաջողություն։ (Համբուրվում է Տիրանի հետ): ԴԱՆԻԵԼ. (Մոտենալով Տիրանին): Ես էլ եմ քեզ մաղթում հաջողություն, թեև կրկնում եմ. զենքը չէ, որ պիտի փրկե մեզ։ (Համբուրվում է Տիրանի հետ): ՆԻԳԱՐ. Կտաս այս նամակը հայրիկիս և կհամբուրես նրան: ՏԻՐԱՆ. (Նամակը ծոցը դնելով): Արի համբուրվենք, Նիգար, չէ՞ որ մենք քույր ու եղբայր ենք: ՆԻԳԱՐ. (Շփոթվելով ու կարմրելով համբուրվում է): Չգիտեմ