ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
ՆՈՒՅՆ ԶՈՐԱՎԱՑՐԻ ՄԻ ՈՒՐԻՇ ՄԱՍԸ
Ռուս զորաբանակ։ Բեմը ներկայացնում է ընդարձակ դաշտավայրը։ Հեռուն դարձյալ երևում է Եփրատը։ Առաջին գծի վրա՝ աջ կողմում մի մեծ վրան գեներալ Նելիդովի համար։ Երկու ուրիշ վրաններ քովե֊քով բեմի ձախ կողմում։ խորքում՝ աջ ու ձախ վրաններ մինչև հեռու հորիզոն։ Վրանների միջև բեմին ուղղագիծ երկայն տարածություն, ուր երևում են կոզակներ և հետևակ զինվորներ։
ՏԵՍԻԼ 1
ԵՐԿՈՒ ՊԱՀԱԿԱՆ ԿՈԶԱԿՆԵՐ, որ մերկ թրերը ձեռքներում պահած՝ կանգնած են գեներալի վրանի առջև:
ԽՈՐՔԻՑ. (Լսվում է հարմոնիայի ձայնը, որ տևում է բավական միջոց, հետո լսվում է բալալայկայի ձայն, որ տևում է ավելի երկար միջոց: ԱՌԱՋԻՆ ԿՈԶԱԿ. Կեսօրն անցավ, եղանակը ցրտեց։ ԵՐԿՐՈՐԴ ԿՈԶԱԿ. Երեկոն կգա, շները կսկսեն ոռնալ։ Ա. ԿՈԶ․ Ատում եմ նրանց վայնասունք։ Բ․ ԿՈԶ․ Ասում են՝ նրանք ողբում են իրանց տերերին։ Ա. ԿՈԶ․ Օ, ցրտում է, այս ի՞նչ երկիր է. ցերեկը՝ շոգ, երեկոն՝ ցուրտ։ Բ. ԿՈԶ․ Տարօրինակ երկիր է։ Ձորեր, լեռներ, մութ-մութ անդունդներ։ (Լռություն): Ա. ԿՈԶ․ Դյաչենկո։ Բ. ԿՈԶ․ Ի՞նչ է։ Ա. ԿՈԶ․ Այդ հայերն ի՞նչ ազգ են։ Բ. ԿՈԶ․ Ազգ են էլի, ես ինչ գիտեմ։ Ա. ԿՈԶ․ Նրանք ցար ունե՞ն։ Բ. ԿՈԶ․ Ոչ։