ՄՀԵՐ. (Բռնելով քուրդերի գլխավորի օձիքից, ձգում է նրան գեներալի ոտքերի տակ): Չոքիր, անասուն, գեներալի ոտքերի առաջ։ ԳԵՆԵՐԱԼ. Ո՞վ է այդ մարդը։ ՄՀԵՐ. (Պատվի նշան առնելով): Սա է, ձերդ գերազանցություն, հայտնի քուրդ ցեղապետ, կողոպտիչ, հափշտակիչ, առևանգիչ, գող և սրիկա Աբդուլ-Հուսեյին բեյ կոչվածը։ Նա ավերել է յոթը հայկական գյուղեր, սրի է անցկացրել բոլոր անզեն տղամարդկանց, բռնաբարել է երիտասարդ կանանց ու աղջիկներին, աքսորել է ծերերին ու երեխաներին։ Սրա մարդիկն են սպանել մեր մթերակիրներին։ Ընդունեցեք ձեր ոտների տակ այդ չարագործին՝ երկու հարյուր գերիների և երեք հարյուր հիսուն հրացանների հետ։ ԳԵՆԵՐԱԼ. (Ոգևորված): Սեղմում եմ ձեր ձեռը և համբուրում եմ ձեր ճակատը, պարոններ, ուռա ի պատիվ հերոսի։ ԱՄԵՆՔԸ. (Ամենքը, բացի հայերից): Ուռռա, ուռռա։ ԳԵՆԵՐԱԼ. Գնդապետ Մարտինով, անմիջապես կազմեցեք հաղթության ռելացիան և հաղորդեցեք գլխավոր շտաբին (ձեռքով ցույց է տալիս քուրդ ցեղապետի վրա, որ չոքած է): Տարեք դրան այդ վրաններից մեկը և պահեցեք մինչև նոր կարգադրություն, իսկ մյուս գերիներին ուղարկեցեք էտապ։ ԵՐԿՈՒ ԿՈԶԱԿ. (Քուրդ ցեղապետին տանում են ձախ կողմի վրաններից մեկը): ԳԵՆԵՐԱԼ. Հայ կամավորներ, դուք մնացեք այստեղ։ (Գերիները կամավորներից անջատվելով, կոզակների ուղեկցությամբ գնում են խորքը): ԲԵՄԻ ՎՐԱ. (Մնում են միայն հայ կամավորները, զորավարները, Հրազդանը, Ալիշանը, Մհերը և Տիրանը իր ընկերներով): ՄՀԵՐ. Լեռները մաքրված են։ ԳԵՆԵՐԱԼ. Ձեր կորո՞ւստը։ ՄՀԵՐ. Տասնույոթ սպանված, քառասուն վիրավոր և ոչ մի գերի։
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/325
Արտաքին տեսք