ԳԱԼՈ. Կգա նա մի օր, մայր, կգա և հեռու չէ այդ օրը, բայց, ավաղ, մինչև գալը... (Խոսքն ընդհատելով, սրտմտությամբ): Բայց թող մենք կործանվենք, արժանի ենք կործանվելու։ (Քայլերն արագացնում է): ՍԱԹԵՆԻԿ. Այդպես մի խոսիր, Գնալով դու դառնացնում ես իմ սիրտը։ Ես գիտեմ՝ ում դեմ ես կատաղած, բայց ներողամիտ եղիր. Միհրդատն իմ զավակների հայրն է: ԳԱԼՈ. (Ավելի գրգռվելով.): Ահ, ես ի՞նչ կապ ունեմ քո զավակների հետ։ Խորթ են նրանք ինձ համար։ Օտար եմ ես նրանց աչքում, ավելի օտար, քան իսկական քուրդը։ Դուք մարդիկ եք՝ մարդկորեն ծնված և մարդկային ու աստվածային օրենքներից ճանաչված, իսկ ես ո՞վ եմ, ես ի՞նչ եմ։ Մի փողոցային շան ձագ, որ ճանաչում է միայն մորը և չգիտե՝ ով է իր հայրը։ ՍԱԹԵՆԻԿ. (Վշտահար և ամոթահար): Ողորմած աստված, ինչեր է ասում նա։ ԳԱԼՈ. (Ավելի գրգռված): Այո, ես շուն եմ և դա իմ միակ արժանի անունն է։ Ամեն ոք կարող է ինձ հալածեի թքել, կարող է ծեծել ինձ ամեն մի անցորդ, որ ձեռքում փայտ ունե։ Եվ ահա ծեծում է ինձ քո ամուսինը անխնա, առանց մի վայրկյան մտածելու, որ շունն էլ կարող է ցավ զգալ։ ՍԱԹԵՆԻԿ. Լռիր, ես տանջվում եմ։ ԳԱԼՈ. Չեմ կարող լռել, մայր, այլևս բավական է որքան լռեցի և համբերեցի։ Այժմ դու էլ ես ինձ վրդովեցնում: Ինչո՞ւ դու ինձ չոչնչացրիր քո արգանդում կամ չխեղդեցիր իմ օրորոցում։ Ինչու թույլ տվեցիր, որ ես սնվեմ ու մեծանամ այս մարդու հացով, որի յուրաքանչյուր պատառն ինձ համար թույն ու լեղի է եղել: Ինչո՞ւ ինձ քրիստոնյա մկրտեցիր ու սովորեցրիր սիրել քո կրոնը ու քո ազգը։ Ինչու վերջապես իմ մեջ հղացրիր ու զարգացրիր որդիական սեր դեպի քեզ։ ՍԱԹԵՆԻԿ. Որդի՛, եթե այդ է քո թշվառության պատճառը, մոռացիր իմ կրոնն էլ, հավատն էլ, իմ ազգն էլ, իսկ ինձ դուրս բեր սրտիցդ ու շպրտիր դեն։ Ես ոչինչ, ոչինչ չունեմ դրա դեմ։
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/329
Արտաքին տեսք